ՀՀ ժամանած քաղաքացիների պնդմամբ՝ օդանավակայանում ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին չեն ծանուցվել, տեսչական մարմինը նման դեպք բացառում է

Շուրջ 6 ամիս է` Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն: Արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում դադարեցված էին նաև օդային փոխադրումները: Օգոստոսի 12-ին, երբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր երկրում Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը, հայտնեց, որ հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել:

Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, և նրանք Հայաստան կարող են ժամանել միայն արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրված վիզայի կամ էլեկտրոնային մուտքի վիզայի հիման վրա: Ըստ պարետի՝ այս կարգավորմամբ նպատակ է դրվել բարձրացնել անձանց ներհոսքի կառավարելիությունն ու կանխատեսելիությունը:

«Փոփոխություններ են կատարվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում, և այսուհետ ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետում, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- հավելել էր Տիգրան Ավինյանը:

Ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստան ժամանող քաղաքացիներին ինքնամեկուսացման պայմանների, դրանք խախտելու մասին հենց օդանավակայանում պետք է տեղեկացնեն Կառավարության ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները:

Պարզվում է՝ կան դեպքեր, երբ քաղաքացիները ժամանում են Հայաստան, դուրս են գալիս օդանավակայանից՝ առանց ինքնամեկուսանալու հրահանգ ստանալու, դրա պայմանների, այդ պայմանները խախտելու դեպքում առաջացող հետևանքների մասին  տեղեկացվելու:

168.am-ի հետ զրույցում օրեր առաջ ՌԴ-ից և ԱՄՆ-ից ժամանած քաղաքացիները, որոնց անձնական տվյալները չենք հրապարակում, զարմացած, նաև ուրախացած պատմում էին, որ օդանավակայանում իրենց որևէ մեկը չի ասել, թե պետք է պարտադիր ինքնամեկուսացվեն, կամ, որ կարող են այդ ընթացքում ՊՇՌ թեստ հանձնել ու դուրս գալ ինքնամեկուսացումից: Քաղաքացիներն ուրախ էին, որ վերջապես հնարավորություն էին ստացել գալ Հայաստան ու կարող էին զբաղվել իրենց գործերով՝ առանց 14 օր ինքնամեկուսացվելու:

ՌԴ-ից ժամանած քաղաքացին 168.am-ին փոխանցեց, որ Հայաստան գալու ընթացքում օդանավի մեջ բոլոր ուղևորներին բաժանել են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուևորի բնակավայրի հաստատման քարտ», որում, սակայն, որևէ տեղ նշված չէ ինքնամեկուսացման մասին:

Ոմանք կարող են նշել, թե Հայաստան եկողները պարտավոր են իմանալ ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին: Սակայն շատերը չէ, որ հետևում են ընթացող փոփոխություններին՝ տեղեկանալու, թե օդանավակայանից դուրս գալուց հետո ինչ քայլեր կարող են անել կամ չանել: Ստացվում է՝ քաղաքացիները չեն տեղեկացվում ինքնամեկուսանալու պարտադիր պահանջի մասին, ոմանք կարող են անգամ, դա որպես հիմք ընդունելով, մասնակցել խնջույքների, հանդիպել ծանոթ-բարեկամների հետ, ու եթե հանկարծ պարզվի, որ այդ քաղաքացիները կորոնավիրուսի վարակակիր են ու կարող են վարակել այլոց, պետությունը կրկին կմեղադրի հենց քաղաքացիներին, այլ ոչ թե այն կառույցին, ով պարտավորված է իրականացնել քաղաքացիներին պատշաճ կերպով տեղեկացնելու գործառույթը:

Պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստան ժամանելուն պես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիներին հենց «Զվարթնոց» օդանավակայանում ծանուցում են ամեն ինչի մասին, հենց օդանավակայանում քաղաքացիներից վերցնում են տեղեկատվություն, թե այդ մարդը որտեղ է ինքնամեկուսանալու:

«Իրենք պետք է այդ տեղեկատվությունը տրամադրեն, թե ո՞ր վայրում են իրենք ինքնամեկուսանում: Ու ընդհանրապես այդ բոլորի վերաբերյալ տեղեկացնում է տեսչական մարմինն օդանավակայանում: Քաղաքացիներին հատուկ ծանուցագիր է տրվում, որ՝ «դուք պետք է ինքնամեկուսանաք», ծանուցագրի ձևը, եթե չեմ սխալվում, մոտ 2-3 ամիս առաջ հաստատվել էր, նշվում է, թե ինչ պարտականություններ ունեն, որ խախտման դեպքում ինչ պատասխանատվության կենթարկվեն, և այլն»,- ասաց Վահան Հունանյանը:

Հարցին, իսկ եթե քաղաքացիներին չեն տեղեկացնում 14 օր ինքնամեկուսանալու պարտադիր պահանջի, դրա խախտման դեպքում առաջացած հետևանքների մասին, այդ  դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ ուսերին է, Վահան Հունանյանը պատասխանեց, թե չի կարող ասել՝ ինչպե՞ս է դա պատահել:

«Ես այս ընթացքում նաև տեսչական մարմնի հետ եմ խոսել, որովհետև ասում եմ՝ թե՛ իրենց ծանուցագիր է տրվում ինքնամեկուսացման վերաբերյալ, և իրենք մինչև այդ ծանուցագիրը չստորագրեն, մուտք չեն գործում, թե՛ նաև հատուկ ֆյալերներ են դրվում, որտեղ նաև կա ինֆորմացիա, թե որ կենտրոնի միջոցով, օրինակ, եթե ուզենան ՊՇՌ թեստ անեն, դրա միջոցով անեն: Հիմա այս դեպքում ինքս չեմ կարող գնալ «Զվարթնոց»-ում ստուգեմ, տեսչական մարմինը մեզ տեղեկացնում է, որ այդ գործընթացն արվում է: Եվ այդ ամբողջ պրոցեսն այդպես է համակարգված ի սկզբանե»,- հավելեց Վահան Հունանյանը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում բացառեց հնարավորությունը, որ որևէ քաղաքացի կարող է օդանավակայանից դուրս գալ առանց ինքնամեկուսացման մասին ծանուցման թերթիկ ստանալու: Լիանա Եղիազարյանի խոսքով՝ ցանկացած մարդ, երբ  մուտք է գործում երկիր, ինքնամեկուսացման ծանուցման թերթիկի մեջ իր տվյալները գրանցվում են, քաղաքացին ստորագրում է, նոր այդ թերթիկով կարող է մուտք գործել երկիր:

Մեր դիտարկմանը, թե մեզ  հետ զրուցած քաղաքացիներից մեկը պնդում էր, որ միայն ինքնաթիռում ստացել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման քարտ», լրացրել է, ապա օդանավից դուրս գալուց առանց որևէ ծանուցում ստանալու՝ դուրս է եկել, Լիանա Եղիազարյանն արձագանքեց, թե խոսքը հասցեական քարտի մասին է, ապա նշեց, որ դա լրացվում է, որ հետագայում տրամադրվեն բնակության կամ գրանցված վայրի պոլիկլինիկային, որպեսզի հետագայում պոլիկլինիկան տվյալ անձի առողջական վիճակի վարում իրականացնի:

«Իրենք երբ հասցեական քարտն ինքնաթիռում լրացնում են, հասցեական քարտով մոտենում են մեր սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ, այնտեղ նորից հստակեցվում է իրենց տվյալները, տրամադրվում է ինքնամեկուսացման ծանուցման թերթիկը, որին ինքը ծանոթանում է, ստորագրում է դրա տակ: Այդ ծանուցման թերթիկով նոր միայն սահմանապահների մոտով կարող է մուտք գործել երկիր: Հիմա եթե քաղաքացին պնդում է, ասեք ինձ իր անուն-ազգանունը, չվերթը, չվերթի օրը, և մենք կգտնենք ծանուցման թերթիկը ստորագրված ու կներկայացնենք: Ասեք, նույնականացնենք տվյալները, եթե խնդիր կա, մենք ինքներս այդ խնդրին հասցեատեր լինենք»,- ասաց Լիանա Եղիազարյանը:

Հ.Գ. Քանի որ քաղաքացիները չէին ցանկացել, որպեսզի հրապարակվեն իրենց անձնական տվյալները, 168.am-ն Առողջապահական և տեսչական մարմնին քաղաքացիների տվյալները չի փոխանցել: Այդուհանդերձ, արձանագրենք, որ անգամ տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի հետ զրույցից հետո, երբ կրկին կապ հաստատեցինք քաղաքացիների հետ, նրանք ևս մեկ անգամ պնդեցին, որ իրենք օդանավակայանում պարտադիր ինքնամեկուսացման մասին չեն ծանուցվել:

Տեսանյութեր

Լրահոս