Բաժիններ՝

Գերմանիայի բնության պահպանության միությունը կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում

Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) 2024-ին կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։

Այս մասին տեղեկացրին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։

«Գերմանիայի բնության պահպանության միությունը 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։

Բազմացող զույգերի հաշվառումը թույլ է տալիս գնահատելու թռչնատեսակի գլոբալ պոպուլյացիան և հավաքագրելու կարևոր տեղեկատվություն վերջինիս պոպուլյացիայի զարգացման վերաբերյալ:

Այսպիսով հնարավոր է դառնում վաղ փուլում որոշել, թե որ շրջաններում է սպիտակ արագիլն իրեն զգում «ինչպես տանը», և որտեղ է պահանջվում ավելի մեծ պահպանություն: Հաշվառումն իրականացվում է որոշակի գիտական չափանիշների հիման վրա: Հաշվառման ընթացքում տարանջատվում են՝

  • մեկ բույն զբաղեցնող բոլոր զույգերի թիվը,
  • չվող ձագերով բույն զբաղեցնող զույգերի թիվը,
  • բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնք չունեն չվող ձագեր,
  • բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնց ձագերի վերաբերյալ տեղեկատվություն չկա,
  • չվող ձագերի ընդհանուր թիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ NABU-ի հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։ Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։

Նշվում է, որ միանալով միջազգային հաշվառմանը՝ կազմակերպությունը հանձն է առնում այս տարի իրականացնելու սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։ Հաշվառումներին զուգահեռ կիրականացվեն նաև վերոնշյալ հետազոտական աշխատանքները՝ բացահայտելու համար արագիլների աղտոտվածության պատճառները, ուսումնասիրելու նրանց միգրացիան, անկման պատճառները. 2023 թվականի հաշվառման արդյունքների համաձայն՝ սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը նախորդ տարվա համեմատ մեծացել է 59%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս