Պաթոլոգիկ շեղում է 4-րդ դարի վաղմիջնադարյան հասարակության 20-21-ամյա երիտասարդի հետ 21-րդ դարում ապրող մոտ 50-ամյա անձի ինքնանույնականացումը. Միքայել Մալխասյանը՝ Փաշինյանի էժանագին աճպարարության մասին

Պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի կողմից Պապ թագավորի մասին հերթական էժանագին հայտարարություններին:

«Երկու ամիս շարունակ ՀՀ իշխող թիմը ՀՀ քաղաքացիներին համոզում էր, որ իրենց քաղաքական գիծը «Իրական Հայաստան» կառուցելն է (29.743 քկմ տարածքով), որը կձերբազատվի պատմական Հայաստանի վերաբերյալ ընկալումների բարդույթներից։

Եվ այդ ֆոնին իրենց թիմի ղեկավարը գերագույն օրենսդիր մարմնում հայտարարում է, որ իրենց քաղաքական գիծը Պապ թագավորի երազանքի Հայաստանը կառուցելն է։
Ստախոսության և էժանագին աճպարարարության հերթական օրինակը… Չէ՞ որ պատմական կերպարը որպես ոգեշնչման և նույնականացման օրինակ օգտագործելը ցույց է տալիս, որ հենց ինքն է հեռու իր իսկ նշած «Իրական Հայաստանից» և մնացել է պատմական Հայաստանի հեռավոր մի դրվագում, այն էլ` եղծելով Պապի գահակալության շրջանի վերաբերյալ պատմագիտության իրական պատկերացումները և նրա սպանությունը՝ չհիմնվելով որևէ սկզբնաղբյուրի վրա, կապելով Եկեղեցու հետ։
Անհրաժեշտ է ֆիքսել, որ առհասարակ պաթոլոգիկ շեղում է 4-րդ դարի վաղմիջնադարյան հասարակության 20-21-ամյա երիտասարդի հետ 21-րդ դարում ապրող մոտ 50-ամյա անձի ինքնանույնականացումը։

Հ.Գ. Ի դեպ, Պապը վերջին թագավորներից մեկն էր, որի ժամանակ Մեծ Հայքի թագավորության տարածքը տատանվում էր 300-330 հազար քկմ միջակայքում։ Իսկ նրա սպանությունը, ինչպես նշում է հռոմեական իրականության հույն պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը, կազմակերպվել է Մեծ Հայքի ռազմավարական դաշնակից Հռոմեական կայսրության կայսր Վաղեսի հրամանով` Հայաստանում գտնվող իրենց զորամասում` զորքերի հրամանատար Տրայանոս զորավարի կողմից»,-գրել է պատմաբանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է։

«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29 743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն` ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պետք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարեն արտաքին քաղաքականություն, անվտանգություն կվարենք, ձեզ ինչո՞ւ է պետք խորհրդարան, կառավարություն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարեն կլինի 10 թեմ։ Հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,- ասել էր նա։
Ըստ Փաշինյանի` սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։

«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ ուզում է, դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ-ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,- հայտարարել էր Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս