Այսպես տնավարի էլ կառավարում են

Գործող իշխանությունները, վեց տարի է, իշխանության են, այդպես էլ չհասկացան, թե ինչ ասել է՝ պետություն, պետական կառավարում, պատասխանատվություն պետության նկատմամբ։ Պետության կառավարմանը վերաբերվում են՝ ինչպես իրենց տնային գործերին, պետական բյուջեին, ինչպես իրենց գրպանին։

Կարծում են, ինչպես իրենց գրպանի փողն են ծախսում, այնպես էլ կարող են պետության փողերը ծախսել, իրենց ճոխություններ թույլ տալ, պետության փողերով զվարճանալ, խնջույքներ, քեֆ-ուրախություններ կազմակերպել, անիմաստ գործուղումների ու շրջագայությունների գնալ, ինչ ուզենալ՝ անել։ Ոչինչ, որ մի քիչ լավ կծախսեն, մի քիչ՝ վատ, մի քիչ՝ արդյունավետ, մի քիչ՝ անարդյունավետ, մի տեղ շատ կծախսեն, մի տեղ՝ քիչ։

Պետական ծախսերը բերել համեմատում են քաղաքացու անձնական ծախսերի հետ։

Ասում են՝ յուրաքանչյուրը թող գնա, հաշվարկի՝ իր հարսանիքի, կնունքի, ծնունդի, տան շինարարության վրա ինչքանով է գումարները ծախսել արդյունավետ։

Կարդացեք նաև

«Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, այնքան էլ մենք, որովհետև նույն մարդիկ ենք։ Մենք, ընենց չի, որ ուրիշ տեղից եկել ենք, ստեղ նստել։

Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ, և այստեղից էլ գնում ենք էդ նույն ծնունդի, կնունքի արարողության, որտեղ ինչ-որ բան ավել է ձեռք բերվում, ինչ-որ բան՝ պակաս, ինչ-որ բան փչացած է լինում։

Ոչ ոք չի ասում՝ վայ, էս ծնունդի սալաթը փչացած է, եկեք ՊՎԾ ուղարկենք, տեսնենք՝ տա՞տն է սխալ գործողություն արել, մամա՞ն, թե՞ քեռին։ Ոչ մեկը չի ասում:

Նույն մարդը, որը հանգամանքի բերումով ընտրվել է պատգամավոր կամ դարձել նախարար, դժվար իրենց տանն այլ կերպ գործի, աշխատանքի վայրում՝ բոլորովին այլ»,- պետական միջոցների անմիտ ու չարդարացված վատնումները փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանը։

Այսպես տնավարի էլ կառավարում են պետությունն ու պետական բյուջեն։

Եթե կառավարության ղեկավարն է այդպես մտածում, ինչպե՞ս պիտի վարվեն մյուսները։

Դրա համար էլ այսպիսի վիճակ է։ Ում մտքով ինչ անցնում, այն էլ անում է։

Բյուջեն համարում են սեփական գրպանը, ու խելքներին ինչպես փչում, այնպես էլ ծախսում են։ Չեն հասկանում, որ պետության փողերն իրենց սեփական փողերը չեն, որ ինչպես ուզենան, այնպես էլ ծախսեն։ Դրանք հարկատուների փողերն են։

Քաղաքացին կարող է իրեն թույլ տալ սեփական փողերը ծախսել՝ ինչպես ցանկանում է։ Կառավարությունը չի կարող նույնն անել, որովհետև դրանք իր փողերը չեն, հարկատուների ու քաղաքացիների փողերն են։

Տարբերությունը պարզ է, բայց կառավարությունում չեն ուզում ընդունել։ Դրա համար այսպես քոռ ու փուչ են անում պետության փողերը։ Տարին մեկ իրենց աշխատասենյակներն են վերանորոգում, կահույքն են փոխում, կահ-կարասին են թարմացնում, թանկարժեք մեքենաներ են գնում։ Պետության փողերով խելքից դուրս ծախսեր են անում։

Չլսված բան է, որ կառավարությունը մի քանի միլիոն դոլար տա պետական բյուջեից ինչ-որ համերգ կազմակերպելու համար, իսկ վերջում և՛ փողը կորի, և՛ համերգը չկայանա։

Ոչ մի նորմալ կառավարություն իրեն նման բան թույլ չէր տա։ Բայց մեր դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Մարդիկ թքած ունեն, թե ինչպես կծախսվեն պետության փողերը։ Միլիոնավոր դոլարներ կտան ինչ-որ ծրագրի համար, փողը կծախսեն, վերջում կասեն՝ ծրագիրը չեղավ, ձախողվեց։

Պետության, հարկատուների փողը կգնա-կկորի, ոչ մեկը պատասխանատվություն չի կրի դրա համար։

Մեղավորներ չկան։

Ոչ ոք չի ասի՝ ինչո՞ւ այդպես եղավ։ Ճիշտ նույն կերպ, ինչպես «ոչ ոք չի ասում՝ վայ, էս ծնունդի սալաթը փչացած է, եկեք ՊՎԾ ուղարկենք, տեսնենք՝ տա՞տն է սխալ գործողություն արել, մամա՞ն, թե՞ քեռին։ Ոչ մեկը չի ասում»:

Ոչ մի տարբերություն. նույն կերպ են վարվում պետության փողերի հետ։

Չեն ուզում հարցնել, ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ էր մեղավոր դրա համար, ո՞վ պիտի պատասխան տա պետության փողերը քամուն տալու համար։

Իրենք չեն հարցնում, ուզում են՝ ուրիշներն էլ չհարցնեն, որպեսզի հանգիստ իրենց սև գործն անեն։

Չեղած բանի համար, երբ պետք է, կտանեն, մարդկանց ամիսներով, տարիներով փակի տակ կպահեն։ Միլիոնավոր դոլարները, առանց աչք թարթելու, քամուն են տալիս, ասում են՝ հանցանք չկա։ Սրանից այն կողմ, ի՞նչ հանցանք պիտի լինի։

Բյուջեի հաշվին միլիարդների մեկ անձից գնումներ են անում։ Որ գնումը բարձրացնում ես, տակից բյուջեի փողերը թափվում են, մեղմ ասած՝ անարդյունավետ ծախսերի տեսքով։

Խանութում ապրանքը դրված է, բոլորը կարող են գնել, մի բան էլ՝ անվճար առաքումով ստանալ, մրցույթ են անում, փոխարենն ավելի էժան գնեն, անհամեմատ թանկ են գնում, երբեմն՝ 50-60 տոկոսով թանկ, երբեմն՝ ավելի շատ։

Ու սրա համար ոչ մի պատասխանատու, ոչ մի պատիժ, կապ չունի, որ պետությունը միլիոնավոր ու միլիարդավոր դրամների վնասներ է կրում այդպիսի գնումներից։

Այսքան տարի չեղավ, որ մեկը պատժվեր պետության փողերով անտրամաբանական բարձր գներով այս կամ այն գնումը կատարելու, անորակ աշխատանք ու ապրանք ձեռք բերելու, պետությանը վնասներ տալու համար։

Եվ ինչո՞ւ պիտի պատժվեր, երբ ամբողջ պետական համակարգն է դրված նույն ռելսերի վրա։ Բոլոր տեղերում նույն վիճակն է՝ սկսած կառավարությունից, վերջացրած նախարարություններով ու գերատեսչություններով, մարզպետարաններով ու համայնքապետարաններով։

Ու սա միայն մեկ անձից գնումներին չի վերաբերում. վերաբերում է ընդհանրապես պետական գնումներին՝ կլինի ճանապարհի, դպրոցի, թե մանկապարտեզի կառուցում, նորոգում ու վերանորոգում։ Ամենուրեք նույն վիճակն է։

Միայն գնումներով չէ, որ վատնում են պետության փողեր, որտեղ ուզում՝ աշխատավարձ են բարձրացնում, պարգևավճար են բաժանում, անտրամաբանական ծախսեր են անում, անարդյունք շռայլում։ Բյուջեն դրել են իրենց սեփական գրպանի տեղ, ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են, վատնում են պետության ու հարկատուների փողերը, դեռ մի բան էլ արդարանում են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս