Բաժիններ՝

«Տերն ամեն ինչ է ինձ համար»

Հնարավոր չէ քրիստոնյա լինել միայնակ, փրկվել միայնակ և առավել ևս փրկվել առանց եկեղեցու: Ճշմարիտ քրիստոնյան Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու անդամն է, և Քրիստոս աշխարհ եկավ ողջ մարդկության փրկության համար:

Աշխարհ գալով՝ Նա հիմնեց եկեղեցին, որտեղ քրիստոնյան հնարավորություն ունի Քրիստոսի հետ միավորվելու: Քրիստոնեությունը ոչ միայն որոշակի ուսմունք և պատվիրանների համակարգ է, այլև նոր կյանք է Քրիստոսով: Կյանքը Քրիստոսով սկսվում է հոգևոր ծննդյամբ՝ մկրտությամբ, «որովհետև մենք ամենքս, հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, նույն հոգով մկրտվեցինք մե՛կ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք» (Ա Կորնթ. 12:13):

Եկեղեցու հայրերից Հովհաննես Երզնկացի Պլուզն ասել է. «Ինչպես Քրիստոս խաչով մեռավ, նույնպես քրիստոնյան Քրիստոսի հետ Ավազանի մեջ խորհրդաբար խաչակից է դառնում Քրիստոսին, և ասես մեռնում է այս աշխարհի և մեղքերի համար, և միայն Քրիստոսի բարեգործությամբ կենդանի մնում»:

Այլ խոսքով՝ մկրտվել նշանակում է Քրիստոսի հետ մեռնել, թաղվել և հարություն առնել: Այնուհետև Սուրբ Հոգու պարգևների կնիքով կատարվում է դրոշմի խորհուրդը, ապա քրիստոնյան պատրաստ է լինում հաղորդվելու Քրիստոսի Մարմնին և Արյանը: Հաղորդվողը միանում է Քրիստոսին՝ Նրա խոսքի համաձյան. «Ով ուտում է Իմ Մարմինը և ըմպում Իր Արյունը, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ Նրա մեջ» (Հովհ. 6:57):

Կարդացեք նաև

Անձը, մկրտվելով, մաքրվում է ադամական կամ սկզբնական և մինչ այդ գործած բոլոր մեղքերից, դառնում է քրիստոնյա, եկեղեցու՝ Քրիստոսի Մարմնի անդամ, Երկնավոր Հոր որդեգիրը և Սուրբ Հոգու տաճարը: Այս խորհուրդների կատարման ժամանակ երկինքը բացվում է, և աստվածային ներկայությունն ու օրհնությունը զգալի է դառնում: Հաղորդությունը քրիստոնյայի համար «երկնային դարպաս» է, որ հնարավորություն է տալիս հանդիպելու և միավորվելու Քրիստոսին: Եկեղեցական կյանքով ապրել՝ նշանակում է ապրել և աճել որպես Քրիստոսի Մարմնի անդամ: Բոլորը կոչված են կյանքի կոչելու Տիրոջ հետևյալ պատգամը.

«Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Քրիստոս այս խոսքերն ասաց Երանիների լեռան վրա «Լեռան քարոզ»-ի ժամանակ: Զավակի պարտականությունն է Իր Երկնավոր Հորը նմանվել: Սա է սրբության ուղին, բոլորը կոչված են սրբության և սրբության մեջ է փրկությունը: Սրբությունը հատուկ պսակ չէ, որ նախատեսված է քչերի համար, այն քրիստոնեական կոչում է, որին կոչված են բոլորը, որպեսզի բոլորն, այդ ուղով ընթանալով, վայելեն աստվածային ուրախությունը:

Քրիստոսի բազում հետևորդներ հանուն Քրիստոսի նահատակվեցին, բայց մինչ նահատակվելն ապրեցին Քրիստոսով նոր կյանք: Նրանք, ապրելով աշխարհում, հրաժարվեցին աշխարհից, այսինքն՝ աշխարհում եղած չարից և գայթակղությունից: Նրանց նահատակությունը քրիստոնյայի համար աշխարհի եռուզեռի մեջ քրիստոնեաբար ապրելու լավագույն օրինակ է: Յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է խաչի իր ճանապարհը, որի ընթացքում ճանաչում է իրեն և ընդունելով Աստծու կամքը՝ դիմում է Նրան և ասում. «Թող կատարվի՛ Քո կամքը» (Մատթ. 6:10):

Քրիստոնյայի ուղին նաև աղոթքի ուղի է, իսկ աղոթքի սահմանն անդադար աղոթքի մեջ է, այսինքն՝ միշտ արթուն լինել և զգոնության մեջ կանգնել Աստծու առաջ: Քրիստոնյան իր կյանքը վստահում է Աստծուն, որովհետև Նա գիտի, թե ինչ է մարդուն անհրաժեշտ և օգտակար:

Այդ պատճառով Քրիստոս հետևյալն ասաց. «Աղոթք անելիս մի՛ շատախոսեք հեթանոսների նման, որոնք կարծում են, որ եթե երկար աղոթեն, լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որվհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նույնիսկ երբ դեռ բան չենք խնդրել Նրանից» (Մատթ. 6:7-8): Անհրաժեշտ է անսասան հույսով հավատալ, որ Աստված հեռու չի վանում նրանց, որ դեպի Իրեն են գալիս: Այնուհետև Տերն ասում է. «Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռը և ծածո՛ւկ աղոթիր Քո Երկնավոր Հորը: Եվ քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կհատուցի հայտնապես» (Մատթ. 6:6):

Ս. Հակոբ Մծբնա հայրապետը, վերոնշյալ ավետարանական խոսքը մեկնելով, ասել է. ««Աղոթի՛ր Հորը փակ դռներով». մեր Տիրոջ խոսքը ցույց է տալիս հետևյալը՝ ծածո՛ւկ աղոթիր քո սրտում և փակի՛ր սրտիդ դռները: Եվ ի՞նչ է դուռը, եթե ոչ՝ քո բերանը, քանզի մարմինը Տիրոջ տաճարն է, որում բնակվում է Քրիստոս, ինչպես առաքյալն է ասում՝ «Դուք Աստծու տաճար եք» (Ա Կորնթ. 3:16):

Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որ քո բերանն է, թող մտնի այս տաճարը և սրբի այն բոլոր պղծություններից: Եթե աղոթքի ժամանակ կտրվես ամեն ինչից, լսելի կլինես և կարժանանս Աստծու զորությանը»:

Աղոթքը ոչ միայն հոգևոր, այլ նաև մարմնական օգուտներ է շնորհում մարդուն: Մարմնի համար կարևոր են սնունդն ու առողջությունը: Աղոթքի շնորհիվ մարդը պահպանում է առողջությունը և շատ դեպքերում հիվանդությունից ապաքինվում: Ջերմեռանդ աղոթքի շնորհիվ բուժվեց Իսրայելի թագավոր Եզեկիան: Նա ծանր հիվանդացել էր և անկողին ընկել։ Եսայի մարգարեն Եզեկիային ասաց, որ իր տան գործերը կարգավորի, քանի որ չի առողջանալու և մահանալու է: Մահվան լուրը լսելուց հետո նա դառնորեն լաց եղավ, քանի որ ցանկանում էր ապրել և սրտառուչ աղոթքով դիմեց Տիրոջը։

Չուշացավ աղոթքի հրաշքը. Եսային, որ մարգարեացել էր թագավորի մահը, դեռ չէր լքել արքունիքը, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը, որ ասաց.

«Հե՛տ դարձիր և իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. «Այսպես է ասում քո նախնի Դավթի Տեր Աստվածը՝ լսեցի քո աղոթքը և տեսա քո արտասուքը: Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը, քո կյանքը տասնհինգ տարով պիտի երկարացնեմ»» (Դ Թագ. 20:1-7): Եզեկիա թագավորն ապաքինվեց և իր օրինակով ցույց տվեց, որ անկեղծ աղոթքը զորավոր է:

Աղոթքը ոչ միայն առողջություն, այլ նաև սնունդ է շնորհում մարդուն։ Հիսուս Քրիստոս գիտեր, որ սնունդը տրվում է Երկնավոր Հոր կողմից, ուստի «Տերունական աղոթք»-ով ուսուցանեց հանապազօրյա հաց խնդրել Տիրոջից: Աղոթքի բացակայությունը երկրի վրա երաշտ և սով է առաջ բերում: Ջերմեռանդ աղոթքի շնորհիվ բացվում է երկնքի դուռը։ Եղիա մարգարեի օրոք իսրայելական երկրում հավատուրացության պատճառով երեքուկես տարի անձրև չեկավ, ո՛չ բերք կար, ո՛չ հաց, հուսահատությունը դարձել էր համընդհանուր: Այնուհետև Եղիա մարգարեի աղոթքով Տերը անձրև շնորհեց, և երաշտն ավարտվեց (Գ Թագ. 17-19):

Այս օրինակներն աղոթքի մարմնական պտուղների մասին են, բայց հոգևոր պտուղներն անհամեմատ ավելի կարևոր են։ Աղոթքը զենք է չարի դեմ, այն ազատում է մարդուն կործանարար կրքերից ու մեղքերից: Չկա կիրք, որը չմարի անկեղծ ու մշտական ​​աղոթքից: Ինչպես կրակն է ոչնչացնում չոր փշերը, այնպես էլ աղոթքն է ոչնչացնում մեղքերն ու կրքերը: Աղոթքը մեզ հիշեցնում է Աստծուն, լուսավորում է միտքը, արթնացնում խիղճը, բացահայտում մեղքի սարսափը և առաքինության սրբությունը: Ի՞նչը դրդեց Դավիթ մարգարեին ապաշխարել շնությունից և սպանությունից հետո՝ աղոթքը, ի՞նչը դուրս բերեց Մարիամ Եգիպտացուն իր ծանրագույն մեղքերից դեպի սրբակենցաղ կյանք՝ աղոթքը:

Աղոթքը ոչ միայն հոգին է մաքրագործում, այլև դարձնում է այն երկնային շնորհների բնակավայր: Որովհետև ջերմեռանդ աղոթքը դեպի մարդն է գրավում Սուրբ Հոգին: Ինչպես մեղուն թռչում է դեպի անուշահոտ ծաղիկները, այնպես էլ Սուրբ Հոգին իջնում ​​է աղոթքի բուրմունքի վրա: Պենտեկոստեի տոնին աղոթքի ժամանակ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, այն իջավ հեթանոսությունից քրիստոնեության դարձած Կոռնելիոս հարյուրապետի վրա:

Աղոթական ճիշտ վիճակի մասին սբ. Մակար Մեծն ասել է «Երբ աղոթում ես, ասա սրտումդ թշնամական մտքերի և ներգործությունների դեմ. «Տերն ամեն ինչ է ինձ համար», և այսպես, ամբողջ կյանքում, երբ կրքերը գլուխ կբարձրացնեն, և երբ բոլոր թշնամական ներգործությունները քո վրա կելնեն, այսինքն՝ հիվանդության, հուսալքության, դժբախտությունների և այլ հարձակումների  ժամանակ միշտ ասա. «Ամեն ինչ է ինձ համար Տերը, ես ինքս ոչինչ անելու կարողություն չունեմ, ոչնչի չեմ կարող համբերել, դիմակայել և հաղթահարել: Նա է իմ զորությունը»»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս