«Օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցակետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հույս հայտնեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ:

«Վերջին 2-3 շաբաթներին դրսևորվող համաճարակային վիճակը հնարավորություն է տալիս արտակարգ դրության շրջանակներում գործող սահմանափակումներն ու կարգավորումները որոշակիորեն վերանայել և հերթական մեղմացումները կիրառել: Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝  առաջին՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը, և երկրորդ՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերանայվել է նաև թեստավորման մարտավարությունը:

Ըստ պարետի՝ եթե նախկինում թեստավորումն իրականացվում էր բարձր ռիսկի գոտում անձնանց կլաստերներով և առավելապես պահանջարկի հիման վրա, ապա ներկայումս ընդլայնվել են ռիսկային խմբերի կլաստերները. «Առողջապահության նախարարությունը սելեկտիվ թեստավորում է իրականացնում այդ խմբերում»:

Նա նշեց, որ պարետատունը մշակել է համավարակի կառավարման պլան, որի ողջ տրամաբանությունն այն է,որ պետք է սովորել աշխատել COVID-19-ի պայմաններում:

«Արտակարգ դրության որոշման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել: Այսուհետ թույլատրվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը՝ սահմանված կարգով դիմակ կրելու և միմյանցից նվազագույնը 1.5 մետր հեռավորություն պահպանելու պայմանով: Ուզում եմ հատուկ շեշտել, որ որևէ քանակային կամ ժամային սահմանափակումներ այս առումով նախատեսված չեն: Երկրորդ՝ հստակեցումներ են արվել միջոցառումների հետ կապված: Հանվել է օդային ճանապարհով օտարերկյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել: Միաժամանակ, օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցակետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, նրանք Հայաստան կարող են ժամանել միայն արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրված վիզայի կամ էլեկտրոնային մուտքի վիզայի հիման վրա»,-ասաց պարետը:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ փոփոխություններ են կատարվել նաև արտերկրից ժամանող անձնանց ինքնամեկուսացման ընթացակարգերում. «Այսուհետ ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետում կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ մեկուսացումից»:

Նա ընդգծեց, որ մինչ այս պահը հնարավորություն էր նախատեսված անհրաժեշտության դեպքում սահմանափակել որոշակի բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի արտահանումը ՀՀ-ից, ինչի անհրաժեշտությունն, ըստ պարետի՝ այս պահին չկան և այդ կետը հանվել է:

Տեսանյութեր

Լրահոս