Մեղրին կհանձնեն Ալիևին. Նոյեմբերյանից մինչև Մեղրի բոլոր ռազմավարական բարձունքներն Ալիևին տալու հետևանքը դա է լինելու. Խոսրով Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին խորհրդարանում առաջին անգամ ցույց տվեց այն քարտեզը, որով Տավուշ-Ղազախ հատվածում, իր ձևակերպմամբ, իրականացվել է սահմանի վերարտադրություն։
«Սա 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների հիման վրա։ Այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ պարագիծը: Ես ուզում եմ ընդգծել, թե սա ինչ կարևորագույն իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դրանով մենք ընդգծել ենք մեր ինքնիշխան տարածքը»,– ասաց նա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը քարտեզով խորհրդարան գնացած Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ Խորհրդային Միության այդ քարտեզով Խորհրդային Միության մաս կազմող բոլոր պետությունների սահմանները գծված էին այնպես, որպեսզի միության անդամ պետությունների միջև միշտ լինեն տարածքային վեճեր, ինչի պարագայում Մոսկվան կկարողանար այդ կոնֆլիկտները կառավարել. հիշե՛ք՝ այդ Միությունը չկա, բայց այսօր Միության անդամ բոլոր պետությունները մեկը մյուսի հետ ունեն տարածքային վեճեր, հետևաբար՝ սխալ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գծել՝ այդ աշխատանքի հիմքում դնելով միայն քարտեզները, և այստեղ անգամ կարևոր չէ, թե որ թվականի քարտեզներ կլինեն։
«Վերարտադրել Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանը, նշանակում է՝ նպաստել ազգամիջյան կոնֆլիկտների խորացմանը։ Քարտեզները չեն կարող հիմք լինել սահմանազատման համար, հիմքը պետք է լինեն սկզբունքները, որոնք են 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, հրատապ հարցեր և լուծումներ» վերնագրով փաստաթուղթը՝ ընդունված ԵԱՀԿ-ի կողմից, որի անդամ են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, եվրոպական պետություններ, և այլն։ Այս սկզբունքներով սահմանազատումով ԵԱՀԿ-ն երաշխավորում է անշրջելի խաղաղության համար իրավական և քաղաքական լուրջ նախադրյալներ»,-ասաց Հարությունյանը։
Հայաստանի նախկին վարչապետի խոսքով՝ Հայաստանի պետականությունը լրջագույն սպառնալիքների տակ է հայտնվելու:Ադրբեջանի պարտադրանքով Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող միակողմանի զիջումների հետևանքովԱդրբեջանն իր համար լուծելու է ռազմավարական խնդիրներ՝ ստանալով ոչ միայն Տավուշի մարզից տարածքներ, այլ նաև Սյունիքից, ապա այդ տարածքներում տեղակայելու է ռազմական հենակետեր։
«Խաղաղություն ասվածնինչ-որ մեկի տակ պառկելը չէ։ Փաշինյանը խաղաղության մասին ունի աղավաղված պատկերացումներ։ Նոյեմբերյանից մինչև Մեղրի մեր բոլոր ռազմավարական բարձունքներնայսպես տալիս են Ալիևին։ Պաշտպանական գծի կազմաքանդումը բերելու է նրան, որ Ադրբեջանը հաջորդ քայլով վերցնելու է Մեղրին»,-խոսքը եզրափակեց Հարությունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։