Օղու և մրգերի գները
Մեր երկրում, տևական ժամանակ է, ապրանքների գները հասարակական ուշադրության չեն արժանանում: Պատճառը պարզ է, գնաճը չափազանց ցածր է: Հետևաբար՝ հասարակությունն ամենևին էլ ուշադիր չէ փորձագիտական «փնթփնթոցի» հանդեպ, որ գնաճի բացակայությունը տնտեսության անգործունեության պես մի բան է: Երևույթ, որ փաստարկում է տնտեսության առաջընթացի զարգացման ցածր տեմպը (կամ` բացակայությունը): Իսկապես 2020թ. հունվար-հուլիսին սպառողական գների աճի ցուցանիշը 1.5 տոկոս է: Նույնիսկ այն, որ պարենամթերքի գնաճն ավելի առաջանցիկ է՝ 1.9 տոկոս, բավարար ուշադրության չարժանացավ: Պարզ է, որ մամուլի համար այս ցանկը քչփորելն արդեն պակաս հրապուրիչ է թվում:
Բայց մի քանի հարյուր ապրանքախմբերի գնաճի ցուցանիշները, բնականաբար, տարբեր են: Եվ այդ գնաճի տարբերությունն էլ կարող է տնտեսական (հասարակական կյանքի) գործընթացների բացատրություն դառնալ: Օրինակ, համավարակի պարագային նկատելիորեն կրճատվել է մեր արտաքին առևտուրը: Հետևաբար՝ կարելի էր ենթադրել, որ տեղական արտադրության ապրանքները ներքին շուկայում թանկանալու նվազագույն «հնարավորություն» ունեն:
Կարելին՝ կարելի էր: Բայց դա սխալ եզրակացություն կլինի: Մեր ներքին շուկայում գնաճի ամենաբարձր տեմպն արձանագրվել է «մրգեր» անվանախմբում:
Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մրգերը մեր երկրում թանկացել են 33.6 տոկոսով: Հասկանալի է, որ խոսքը հանրահայտ բանանի մասին չէ: Բանանի հարցերը վաղուց են կարգավորված ու գնաճի վրա նվազեցնելու միտումով են ազդում: 1.5 տոկոսանոց ընդհանուր գնաճի ֆոնին, որքան էլ տարօրինակ է, կան ապրանքներ (ապրանքախմբեր), որ երկնիշ աճ են արձանագրել: Մրգերից բացի, երկնիշ աճել է «ալյուր, ձավարեղեն» ապրանքախումբը՝ 10.7 տոկոս: Մի կողմ թողնենք այն, որ այս ապրանքախմբի թանկացումն իր հերթին՝ առանձին թանկացումների պատճառ է դառնում (օրինակ՝ հանապազօրյա հաց-հացաբուլկեղենի):
Կա երկնիշ աճ գրանցած ևս մեկ ապրանքախումբ՝ «ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք»: Գնաճը՝ 10.6 տոկոս: Ծխախոտի հարցով կարծես հասկանալի է: Վաղուց պերմանենտ, նույնիսկ օրենսդրական պայքար ենք մղում ծխելու «ենթամշակույթի» դեմ: Բայց բուն ծխախոտային գնաճը 7.6 տոկոս է:
Ուրեմն` վերոհիշյալ ապրանքախումբը թանկացել է ալկոհոլային խմիչքների հաշվին: Բայց այդ խմիչքները մեծ ապրանքախումբ են: Թանկացումն ամենևին էլ գինու հաշվին չէ: Գինու գնաճը 1.7 տոկոս է: Նույնիսկ գարեջրի գնաճն է ավելի ցածր՝ 5.7 տոկոս: Հետևաբար` մնում է միայն «էթիլային սպիրտ, օղի» կոչվող ապրանքախումբը: Եվ իսկապես այս ապրանքախումբն իր գնաճով զիջում է միայն մրգերի գնաճին: Էթիլային սպիրտ-օղու գնաճն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 17.8 տոկոս:
Վիճակագրությունը հուշում է, որ օղին ամենամեծ թանկացումն արձանագրել է փետրվար ամսին (հունվարի համեմատ՝ 9 տոկոս), ապա՝ մարտին (փետրվարի համեմատ՝ 2.8 տոկոս): Ու այսպես ամսեամիս թանկանալով՝ հասավ այսօրվա գներին ու Արմավիրի դեպքերին: Հարբեցողությունը մեր երկրում երբեք հասարակական չարիք չի եղել: Հայաստանը խորհրդային միակ հանրապետությունն էր, ուր սթափարաններ չկային:
Ավելին՝ հայաստանցիների մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ հիմնարկություն է այդ սթափարան կոչվածը: Հասկանալի բան է, որ ցանկացած իշխանություն փորձում է հարկեր բարձրացնել: Բայց աղքատության մեր ցուցանիշների ու սանիտարական հսկողության մեր ունեցած մակարդակը թույլ չէր տալիս բարձրացնել օղու շշալցման ակցիզային հարկը: Դրանից հետո գոնե սանիտարական հսկողությունն էր պետք կատարելագործել՝ Արմավիրի դեպքերը կանխելու համար: Իսկ մենք բավարարվեցինք միայն ակցիզային հարկի բարձրացումով: Երևի բյուջեն հասարակական առողջության խնդիրներից ավելի կարևոր է:
Հ․Գ. Այս տարվա առաջին յոթ ամիսներին ու համավարակի պարագային 6 տոկոսով թանկացել է բժշկական ծառայությունների, մասնագիտական բժշկական խորհրդատվական ծառայությունների գները: