«2016-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, իսկ 2020-ի հուլիսին տեղի են ունեցել առանձին մարտական գործողություններ». Արծրուն Հովհաննիսյան

Այս տարիների ընթացքում տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները չեն փոխվել, դրանք մնացել են նույնը՝ պատերազմի վտանգ, Ադրբեջանի մեծ ռազմականացում, մեր սահմաններից ոչ մեծ հեռավորության վրա մարտական գործողություններ, Սիրիայում բավականին խառը և հախուռն քաղաքացիական պատերազմ, Թուրքիայում քրդերի խնդիր և այլն:

168.amի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր տարածաշրջանում սպառնալիքները մեզանից անպակաս են, մշտական: ՀՀ զինված ուժերն ուշադրություն են դարձնում ամեն ինչին, ուշի ուշով հետևում տարածաշրջանի զարգացումներին, հակառակորդի գործողություններին, զորավարժություններին, հայտարարություններին: Ըստ էության, բոլոր պրոցեսները մեր հետաքրքրության և ուշադրության շրջանակում են, և մենք հստակ այդ ամեն ինչը տեսնում ենք»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ հայկական իրականության մեջ ՀՀ-ի և Արցախի հատվածում մարտական գործողություններին տարբեր որակումներ են տրվում՝ պատերազմ, դիվերսիա, լայնամասշտաբ ռազմական գործողություններ, արդյոք կա՞ հստակ սահմանում, կանոն՝ ո՞րն է դիվերսիա, որը՝ պատերազմ:

«Ցավոք սրտի, հստակ տարանջատում, սահմանում չկա: Այն, ինչն էլ եղել է ժամանակին, այն ակադեմիական ճշմարտությունները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Մենք այսօր շատ հաճախ չենք տեսնում դա, այսինքն՝ հստակ սահմանում դնելը շատ դժվար է»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հակադարձմանը՝ նախկին և ներկա պաշտոնյաներից որոշները 2016-ի ապրիլյան գործողությունները համարում են պատերազմ, բայց կան, որ ապրիլին տեղի ունեցածը դիվերսիա են համարում, ո՞րն է ճիշտ այս դեպքում, ծավալային առումով կարող ենք, չէ՞, կոնկրետ որակում տալ, թե ապրիլին ինչ ունեցանք՝ պատերա՞զմ, թե՞ դիվերսիա, ռազմական վերլուծաբանը պարզաբանեց.

«Պատերազմի և այլ տիպի մարտական գործողությունների բնորոշումների համար դասական ընկալումներն արտահայտվում էին առաջին հերթին հենց ծավալով, բայց դրանք աշխարհում այսօր շատ կտրուկ փոփոխության են ենթարկվում, և դժվար է ասել՝ այս ծավալի դեպքում պատերազմ է, այս ծավալից ներքև՝ պատերազմ չէ, որովհետև այդ կանոնները, կարելի է ասել, շատ պայմանական են, փոփոխական: Ինչ վերաբերում է հարցին, թե ապրիլին ինչ ունեցանք՝ պատերա՞զմ, թե՞…, ինձ համար շատ հստակ է եղել բնորոշումը, 2016-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, և ոչ թե չորսօրյա, այլ մոտ մեկամսյա: Իսկ 2020-ի հուլիսին տեղի են ունեցել առանձին մարտական գործողություններ կամ առանձին օպերացիա, որը բավականին մեծ ծավալի էր, բայց պարզ է՝ ապրիլյանից փոքր»:
Ճշտող հարցին՝ օրեր հետո հաստատվել է հրադադար, այդ դեպքում՝ ինչո՞ւ մեկամսյա, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Հրադադար եղավ, այո, սակայն հրետանային փոխհրաձգությունները, բավականին լուրջ և ինտենսիվ կրակոցները, կարելի է ասել, շարունակվեցին ամբողջ ապրիլ ամիսը»:

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյայից հետո Արցախի ՊՆ–ն՝  «2016 թ․ ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմը» վերտառությամբ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է․ «Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով ՝ Ադրբեջանը հարկադրված էր ս. թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում»։

Տեսանյութեր

Լրահոս