Սեփական զրոն երկրի զրոյի հետ չպետք է շփոթել, և հարկ չկա երկիրը հասցնել զրոյական կետի

Երբ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հանրային հանդիպումների հարթակներից ու ամբիոններից կամ պարզապես հերթական տեսաուղերձի ժամանակ հնչեցնում էր «նոր Հայաստան» պատկառազդու արտահայտությունը, չէինք կարողանում տեղը տեղին  պատկերացնել, թե ինչպիսին կամ ինչ է նոր Հայաստանը: Վարչապետի երազն էր մեր քնատ կոպերի տակ դրված, մնում էր այն իրական ու շոշափելի դարձնել: Եվ մենք այդ երազը տեսնում էինք մեր ցանկություններին համապատասխան: Իսկ մինչ այդ համոզված էինք, որ նոր Հայաստանն արդեն կերտել ենք և 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով դրել սկիզբը, որի մեկնարկը տրվել էր դեռ մեկ տարի և մեկ ամիս առաջ` օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով:

Փաստորեն, Ազգային զարթոնք, Արցախյան ազատամարտ ու հաղթանակ, ազգային խորհրդանիշերի ստեղծում, մի խոսքով` Հայաստանի Երրորդ Հանրապետություն, այդ ամենը, պարզվում է` հեչ, փուչիկ էր` պայթեց: Հայաստանն այլևս նոր ծննդյան վկայական ունի, որտեղ գրված է` 2018թ. ապրիլ: Ամեն ինչ նորից ենք սկսում, նոր Հայաստան, նոր Արցախ, նոր բանակցություններ, նոր հարաբերություններ աշխարհի հետ, ամեն ինչ նոր, նոր, նոր: Փորձ արվեց շրջանառության մեջ դնել Հայաստանի չորրորդ հանրապետությունը, փոխել օրհներգը, դրոշը, զինանշանը… բարեբախտաբար, այդ գոչյունները խլացան: Գուցե այս ամենը բնորո՞շ են հեղափոխություններին, բայց մենք դրա հավեսը չունենք, մեզ մեր Հայաստանն է պետք, որի նորն ու հինը չի լինում, լինում է ուժեղը, հզորը:

Ռիսկերից ապահով ու եկամտաբեր գյուղատնտեսություն, թռիչքային արդյունաբերություն, հեղափոխված տնտեսություն, ներդրումներ աշխարհի չորս կողմերից` մասնավորապես՝ սփյուռքահայերի ձեռքով, ներսում ապրողների համար գործարարություն ծավալելու աննախադեպ հնարավորություն, աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում, բոլոր ապօրինությունների բացահայտում ու ժողովրդին չհասած փողերի հասցեատիրոջը գտնելու արդարություն… Չէ, այդպես մենք չէինք երազում, այդպես Նիկոլ Փաշինյանն էր մեզ երազ տեսցնում: Մենք ավելի իրատեսական էինք մտածում, որ այդ ամենին հասնելու ենք քայլ առ քայլ, մի քիչ ավելի դանդաղ, որքան էլ ականջ ծակեր Փաշինյանի շռնդալից պաթոսը: Բայց այդ մի քիչ դանդաղը, պարզվում է, շատ է դանդաղ, ուղղակի զրո: Քանի որ այդտեղ ենք` զրոյի վրա, հիմա էլ գուցե արդարացիորեն ասում է` զրոյից եմ սկսում Հայաստանը:  Պարզապես սեփական զրոն երկրի զրոյի հետ չպետք է շփոթել, և հարկ չկա երկիրը հասցնել զրոյական կետի:

Տնտեսության մեջ ոչ միայն հեղափոխություն, այլ առաջընթաց չգրանցվեց` սովորական, առանց հավակնությունների: Ճիշտ հակառակը, տնտեսական շարունակվող անկում է, և այդ բնական աճից սայթաքած ընթացքը պատճառաբանվում է համավարակով: Եթե չլիներ չարաբաստիկ ու մեր կառավարությանը փաստի առաջ կանգնեցրած համավարակը, արդյո՞ք Հայաստանում կային նախադրյալներ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Դրսից եկա՞ն ներդրողներ, կապիտալ հոսե՞ց Հայաստան, որ հուսադրում էր նորաստեղծ «հեղափոխական» կառավարությունը, իսկ ժողովուրդը սպասում էր` նոր աշխատատեղերի հույսով: Իհարկե ոչ: Ինչո՞ւ պետք է ներդրողը գար: Ամուլսարի քաշքշուկը բավական է, որպեսզի մոռանանք դրսի ներդրողների մասին, որոնք Հայաստանը հուսալի ու կայուն երկիր կհամարեն ներդրումներ ու բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Մի երկիր ենք, որտեղ իշխանություն է փոխվում, և չեղարկվում են նախկին պայմանագրերն ու պարտավորությունները: Ներդնողը` չհասցնելով դեռ եկամուտ ստանալ, հնարավոր է՝ իշխանություն փոխվի, և նորերը չեղարկեն նախորդների գործարքները:

Արտաքին աշխարհի հետ հարաբերություններն անհասկանալի են, մեկուսի, անվստահելի: Ռազմավարական գործընկեր Ռուսաստանից պարբերաբար դիտողություններ են հնչում` Հայաստանի իշխանական օղակներում հակառուսական ուժերի ներգրավված լինելու զգուշացումով, ինչը սխալ պահվածք է ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրի կողմից: Արցախի խնդրի լուծման բանակցությունները, անհասկանալի է մնում, թե ի՞նչ փուլում են և ինչպիսի՞ փաստաթուղթ է քննարկվում: Դա այն դեպքում, երբ հավաստում են, թե իբր ամեն ինչ բաց է ու թափանցիկ: Իսկ ամենակարևորը, հիմա Արցախը հանրապետությո՞ւն է, թե՞ Հայաստանի մարզ, և դա ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ բանակցությունների վրա: Եթե Նիկոլ Փաշինյանը զրոյից է սկսում, ուրեմն զրոյացնում է նաև 30 տարվա ձեռքբերումն այդ ուղղությամբ:

Ներսի աշխարհում իրավիճակը նույնպես հուսադրող չէ: Անտեր ու դուրս, մի կողմ քշված գյուղատնտեսություն, այսօր խաղողագործը չգիտի, թե երկու շաբաթից ում է հանձնելու խաղողը և ինչ գնով: Այգեգործների հավաստմամբ՝ ոչ պայմանագիր ունեն, ոչ էլ բանավոր խոստում:

Կրթական համակարգում ներմուծվող նոր չափորոշիչները, ներքին բովանդակությունից զատ, առաջին հերթին՝ ունեն սուր ու ճակատային ազդակ: Դասագրքերից հանվում է հայ և հայրենասիրություն հասկացությունները: Եթե վերևից հրեշտակ էլ իջնի և ամպեղեն շուրթերով մեզ բացատրի, թե ինչու է դա արվում, միևնույն է, մենք չենք ըմբռնի: Եվ սկսում ենք շատ բան չըմբռնել, թե ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդպես եղավ, և ո՞ւր է այս ամենը տանում:

Պարզապես օր օրի սկսում ենք հստակ ըմբռնել, թե որն է իրենց ասած նոր Հայաստանը: Փաստորեն, սկզբում սխալ էինք հասկացել, հիմա շոշափելիորեն տեսնում ենք մարմին առնող ուրվապատկերը: Նոր Հայաստանը մի ստվար խումբ իշխանավորներն են, որ բարձր աշխատավարձեր են ստանում և շռայլվող պարգևավճարներ, որից ժողովրդի սոցիալական վիճակը բնավ էլ չի լավանում: Իսկ հողի մշակը, բանվորը, ծառայողն ու գիտնականն էլ ավելի խորն են մխրճվում կյանքի լուսանցքում: Նոր Հայաստանը փուչ, զրո խոստումներն են, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները զրոյացնելն է, Արցախը զրոյից սկսելն է, մեր ինքնությունն ու ազգային դիմագիծը զրոյի մեջ տեղավորելն է, տնտեսական աճը զրոյին հասցնելն է…

Զրո կետ, զրո ժամ, զրոն՝ որպես ելակետ ու տեսլական, զրո Հայաստան: Իսկ Նիկոլ Փաշինյանը տեսակապով Աշոտ Երկաթի բերդին հարող շրջակա բնությունն է ցուցադրում և կոչ անում` սիրենք մեր հայրենիքը, որովհետև այն չքնաղ է:

Մենք սիրում ենք մեր հայրենիքը և գիտենք, որ չքնաղ է, առանց այդ տեսակապի էլ՝ տեսնում ենք: Մի՛ արա այնպես, որ մի օր հայրենիքը մեզ չսիրի, որովհետև զրոն դատարկ է, ունայնություն, իսկ ունայնության մեջ սեր չի լինում:

Տեսանյութեր

Լրահոս