«Անձամբ ճանաչելով Արսեն Թորոսյանին՝ կարող եմ ասել, որ նա այն կերպարն է, որ չի զլանա որևէ մեկին ծախել». Տիգրան Քոչարյան
«Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արսեն Թորոսյանը կարող է պատասխանատվության ենթարկվել: Երկուսն էլ թաթախված են, և եթե ինչ-որ պատասխանատվություն կրի Թորոսյանը, նույն պատասխանատվությունը պետք է կրի նաև Փաշինյանը: Երկրորդ՝ Հայաստանից դուրս Թորոսյանն ավելի մեծ թափ ունի, քան Նիկոլ Փաշինյանը: Դա ակներև է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ ընդգծելով՝ միգուցե Հայաստանի ներսում Նիկոլ Փաշինյանն իր ստատուսով Թորոսյանից ավելի բարձր է, բայց եթե իշխանափոխություն լինի, և երկուսով մեկնեն արտասահման, ապա, ըստ նրա՝ Արսեն Թորոսյանն ավելի հաջողակ կգտնվի, քան Նիկոլ Փաշինյանը:
«Մի քիչ բարդ է մտածել, որ Թորոսյանը երբևէ կվախենա Նիկոլ Փաշինյանից: Բացի դրանից՝ Արսեն Թորոսյանը շատ բան գիտի Նիկոլ Փաշինյանի մասին, որ մենք չգիտենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ շատ բան գիտեր Նիկոլ Փաշինյանի մասին, նա այսպես արձագանքեց. «Արթուր Վանեցյանը, առաջին հերթին, սպա է, և նույնիսկ կառույցից դուրս հավատարիմ է մնում իր սկզբունքներին, որ, եթե դու տիրապետում ես ինչ-որ գաղտնիքների, որոնք ի պաշտոնե են քեզ հասել, եթե համակարգի մեջ էլ չես գտնվում, էլի պետք է պահես: Արսեն Թորոսյանի պարագայում, իմանալով իր բնավորությունն ու անցած ճանապարհը՝ բացարձակապես վստահություն չկա, որ, եթե վաղն ինքը փողոցում հայտնվի, մենք այդ ամենը չենք իմանա: Իր վարքը դա է ապացուցում»:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Արսեն Թորոսյանը պաշտոնանկ չի արվի: «Եթե անգամ նա ազատվի աշխատանքից, ապա դա այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ է լինելու և դա լինելու է Հայաստանից դուրս»,- ասաց նա:
«Անձամբ ճանաչելով Արսեն Թորոսյանին, կարող եմ ասել, որ նա այն կերպարն է, որ չի զլանա որևէ մեկին ծախել, և դրա ապացույցներից մեկը, որ տարավ Դավիթ Սանասարյանին հանձնեց ԱԱԾ-ին»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ անձամբ ճանաչում է Արսեն Թորոսյանին, նա պատասխանեց. «Մենք միասին աշխատել ենք միջազգային ծրագրում, իրեն ճանաչում եմ, իր բնավորությունը գիտեմ: Եվ էլի եմ ասում՝ եթե մարդը հեղափոխության սիմվոլներից մեկին՝ Դավիթ Սանասարյանին, առանց աչք թարթելու՝ հանձնեց իրավապահ մարմիններին, այդ մարդը նույն ձևի ցուցմունքներ կտա ում հանդեպ ասես»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում