«Յանի ապրելու հնարավորություն ունենք, որ մի հատ էլ հանգստի գնանք». քաղաքացի
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն հաստատվեց, որը մի քանի անգամ երկարաձգվեց: Չնայած նրան, որ մեր երկրում այսօր էլ պահպանվում է արտակարգ դրությունը, սակայն որոշ մեղմացումներ եղան, մասնավորապես՝ միջոցառումների և հանգստի մեկնելու վերաբերյալ:
168.am-ը շրջել է Երևանի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվել, թե արդյո՞ք նրանք հանգստի մեկնել են, եթե այո՝ որտե՞ղ և որքա՞ն գումար են ծախսել:
«Չեմ մեկնել, չի ստացվել ուղղակի: Երեխեքին եմ ուղարկել, ես չեմ գնացել»,- ասաց տարեց մի կին:
Մայրաքաղաքում զբոսնող 2 կանայք էլ ասացին, որ միշտ Վրաստանում են կազմակերպել իրենց հանգիստը, սակայն սահմանների փակ լինելու պատճառով այս տարի չեն կարողացել գնալ, իսկ Հայաստանում չեն կարողացել հանգստի մեկնել, քանի որ ավելի թանկ է:
«Հայաստանում գները շատ բարձր են, հարմար չէր: Հայաստանում ո՞վ է գնում հանգստանալու, եթե մի օրը 50.000 դրամ պետք է ծախսես, ո՞վ կգնա: Վրաստան 7 օրով գնում էի, 70.000 դրամ՝ գնալ-գալը, տոմսն էլ մեջը. Չգիտեմ, այստեղ դժվար է ապրելը, ամբողջ ընթացքում Երևանում ենք եղել, ու շատ վատ է, սպասում ենք, թե երբ պետք է այս կորոնայի հարցերը փակվի»:
Մեզ հանդիպած քաղաքացիներին նաև հարցրեցինք, թե ինչպե՞ս են գնահատում Առողջապահության նախարարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում:
«Շատ վատ, ոչ մի նախարարություն, ոչ մի բան: Դաժե փոշմանել ենք, որ պայքարել ենք այսքան, այս ամենի համար: Ասում էինք՝ մեր երեխեքն աշխատանք կունենան, լավ կլինի, հա նրանք կերան, հա էս է եկան, ժողովրդի լեզվով է խոսում. Մեր վարչապետը մենակ բանաստեղծություններ է լավ ասում, ուրիշ ոչ մի բան, իսկական ժուռնալիստ է՝ հենց բան չունի ասելու՝ Համո Սահյան, Պարույր Սևակ, դա է»,- ասաց քաղաքացին:
Քաղաքացիներից մեկն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Ջերմուկում է հանգստացել 3 օր.
«Իհարկե մատչելի չի, դրա համար մարդիկ 1 շաբաթից ավելի չեն գնում հանգստանալու: Ամեն դեպքում, եթե համեմատում ես՝ եկամուտ, ծախս, բնականաբար, մատչելի չէ»:
Հարցվածներից մեկն էլ այսպես պատասխանեց. «Հանգստի չեմ մեկնել, հարմար չի եղել, յանի ապրելու հնարավորություն ունենք, որ մի հատ էլ հանգստի գնանք»:
Մանրամասները՝ տեսանյութում