Իլոն Մասքը չորրորդն է դարձել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում. Bloomberg
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը Bloomberg գործակալության կողմից կազմված աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ հորիզոնականն է բարձրացել այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերն օգոստոսի 17-ի սակարկություններում նորացրեցին արժեքի ռեկորդը:
Bloomberg-ի գնահատմամբ, Մասքի կարողությունը հասել է 84,8 միլիարդ դոլարի: Այսպիսով, նա հինգերորդ տեղն է մղել Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյին (84,6 մլրդ դոլար):
Առաջատարների եռյակը մնացել է անփոփոխ. աշխարհի ամենահարուստ մարդը մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (188 մլրդ դոլար), երկրորդ հորիզոնականում Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսն է (121 մլրդ դոլար), երրորդում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (99 մլրդ դոլար):
Bloomberg-ը նշում է, որ օգոստոսի 17-ին Tesla-ի բաժնետոմսերն աճել են 11 տոկոսով՝ մինչեւ 1835,64 դոլար: Տարվա ընթացքում ընկերության բաժնետոմսերն աճել են 339 տոկոսով, իսկ Մասքի կարողությունը՝ 57,2 մլրդ դոլարով: Bloomberg-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ դիրքն զբաղեցնող Մարկ Ցուկերբերգի համեմատությամբ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարի կարողության տարբերությունը 15 մլրդ դոլար է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: