Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել
Հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերից հետո առաջին անգամ՝ նախօրեին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Պուտին-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում ադրբեջանահայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում, և ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:
Զրույցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարին` կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ:
Իսկ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։ Ավելին, ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցը նախաձեռնվել է հենց այդ հարցը քննարկելու նպատակով։
Ըստ այդ հաղորդագրության, Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։
«Մատակարարումներն իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ զրույցի բովանդակությունը շատ ավելի ընդարձակ է եղել, քան ադրբեջանական կողմն է ներկայացնում։
Ըստ նրա՝ միանշանակ է, որ քննարկվել են՝ ինչպես ԱՊՀ տարածքում առկա խնդիրները, այդ թվում՝ Բելառուսում ներկայումս տեղի ունեցող հետընտրական զարգացումները, ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը՝ հուլիսյան սրացումը, բանակցությունները, թուրք-ադրբեջանական զորավարժությունները, այնպես էլ այն խնդիրները, որոնք արտացոլված են հաղորդագրություններում։
«Եթե խոսենք զենքի, ռազմամթերքի մատակարարումից և վաճառքից, ապա Ռուսաստանն ամենաքննադատված երկրներից մեկն է իր ավանդական քաղաքականության համար, Ռուսաստանը մշտապես պահել է պարիտետ կողմերի միջև՝ սպառազինություն մատակարարելով և վաճառելով հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ՀԱՊԿ գործընկերը, որը բացառիկ արտոնյալ կարգավիճակ է, այս մասով բազմիցս դժգոհություններ է հայտնել, քանի որ Ռուսաստանը ժամանակակից տեխնիկա է վաճառել Ադրբեջանին։ Ուստի կարծում եմ՝ հուլիսյան սրացումից հետո այս հարցի բարձրաձայնումը զուտ պրոպագանդիստական նպատակներ ունի, և հուլիսյան սցենարը չզարգացնելու հարցը ռազմական բաղադրիչով պայմանավորելու միտում ունի սեփական հասարակության աչքում այն դեպքում, երբ դա պարզապես քաղաքականապես ձեռնտու չէր Ադրբեջանին։ Այսինքն՝ շեշտն այս թեմայի վրա արհեստական է և կրում է այլ նպատակներ, որոնք արդեն ասացի։ Հիշեցնեմ, որ Սերբիայի մասով ևս վերջերս կողմերին զենքի վաճառքի թեման շրջանառվեց, Ադրբեջանի ԱԳՆ կանչվեց Բաքվում Սերբիայի գործերով ժամանակավոր հավատարմատարն այս հարցով, որից հետո Սերբիայի նախագահն ասաց, որ ավելի շատ զենք երկիրը մատակարարել է Ադրբեջանին, սակայն այդ մասին որևէ մեկը չի հիշում։ Ուստի զենքի թեման Ադրբեջանի դեպքում արհեստական եմ համարում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Եվսեևը։
Նրա խոսքով, ավելի էական կլինի խոսել այն մասին, որ հեռախոսազրույցի ընթացքում ամենայն հավանականությամբ կարևոր թեմաներ են քննարկվել, որոնք, չգիտես՝ ինչու, ներառված չեն պաշտոնական հաղորդագրությունում։
«Կարծում եմ՝ քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի զարգացումները, մասնավորապես՝ իրավիճակը Բելառուսում, Թուրքիայի նկրտումներն այս տարածաշրջանում, զորավարժությունների նպատակը և հուլիսյան մարտերից հետո բանակցություններ կառուցելու հնարավորությունները։ Թուրքիայի հետ ամուր համագործակցություն ցուցաբերելուց հետո, կարծում եմ, Ադրբեջանը խնդիր ունի Ռուսաստանին ցույց տալ, որ Ռուսաստանը ևս կարևոր ավագ գործընկեր է Ադրբեջանի համար և փորձում է վերջին մեկ ամսվա ընթացքում ձևավորված բացը ռուս-ադրբեջանական հարաբերություններում լրացնել։ Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ ունենալով ներքին խնդիրներ՝ պետք է ակտիվացնեն արտաքին քաղաքականությունը և այդ ոլորտում որոշակի արդյունքներ ցույց տան»,- ասաց նա։