Շնորհավորա՞նք, թե՞ քաղաքական աջակցություն
Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (վեցերորդ անգամ): Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Բելառուսի տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Մինսկում բախումներ սկսվեցին ցուցարարների (ովքեր դժգոհում էին ընտրությունների արդյունքներից՝ պնդելով, որ ընտրություններին հաղթել է ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան) և ոստիկանական ուժերի միջև․ արդեն իսկ հայտարարվել է առնվազն մեկ զոհի մասին։ Հավելենք, որ իշխանությունների կողմից կիրառվել են արցունքաբեր գազ, ռետինե մահակներ ու լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով կան տասնյակ վիրավորներ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկությունների, հազարավոր ցուցարարներ բերման են ենթարկվել։
Օգոստոսի 11-ին Նիկոլ Փաշինյանը շնչակտուր միացավ հաղթելու կապակցությամբ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքներին: Այդ իմաստով, Հայաստանից շնորհավորանքը, ինչ խոսք, անպատեհ է, հատկապես հաշվի առնելով այն, թե հայաստանյան գործող իշխանություններն իրենց համար ինչպիսի չափորոշիչներ ու արժեհամակարգեր են ելույթներում հռչակել։ Իրեն «գերլիբերալ» հռչակած Նիկոլը միանգամից հայտնվեց ավտորիտար Լուկաշենկոյի կողքին, չնայած, եթե ռեալ նայենք Փաշինյանին ու նրա կողմից իրականացվող քայլերը, որին ականատես ենք դառնում վերջին երկու տարիներին, վստահաբար կարող ենք նշել, որ հենց նույն ավտորիտար մակարդակում էլ նրանք ի սկզբանե եղել են, ուղղակի Նիկոլը միֆերի և ֆեյք ինդուստրիայի հաշվին կարողացել է պարբերաբար մանիպուլյացիոն գործիքակազմ կիրառել և բոլորի աչքին երևալ «բարի ու մտահոգ», «բոլորի դարդ ու ցավով ապրող», «ոտքերն ամպոտ փրկիչ»:
Միանշանակ է, որ քաղաքական տողատակում գործընթացն ունի բազմաթիվ այլ նուրբ շերտեր, և Բելառուսի նախագահի ընտրության շուրջ տեղի ունեցողն իրականում ամենևին պարզունակ կամ սև և սպիտակ իրականություն չէ, որքան կարող է թվալ առերևույթ:
Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին «շնչակտուր» շնորհավորում էր, այդ կերպ իր վերաբերմունքն ու նվիրվածությունը ԵԱՏՄ-ական «թիմին» ապացուցելու համար, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ մեղմել իր նկատմամբ անվստահության վերաբերմունքը, ապա մյուս կողմից՝ այն բավականին չհաշվարկած քայլ էր։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բելառուսում տեղի են ունենում բավականին կոշտ մեթոդներով ճնշումներ, ինչն իր հերթին՝ խոսում է որոշակիորեն գոյություն ունեցող հանրային դժգոհության մասին, այլ բան, որ որոշ հայտնի շրջանակներ (Սորոսի գրասենյակ, Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներ) ակնհայտորեն օգտվում են այս էսկալացիայից և փորձում սեփական դիրքերն ամրապնդել և շահեկան դիվիդենտներ ստանալ։
Փաշինյանական քարոզչամեքենան պնդում է այն թեզը, որ «Փաշինյանն առաջնորդվել է ռեալ-պոլիտիկի սկզբունքով»: Զավեշտալի է, քանի որ այդ մասին խոսում են ռեալ-պոլիտիկից կիլոմետրերով հեռու շրջանակները, որոնք միշտ այդ երևույթին վերաբերվել են հեգնանքով դեռևս «Սերժի ժամանակներում»։ Նշվում է, թե դա արվել է որոշակի քաղաքական ենթատեքստերից ելնելով, առաջ է քաշվում այն թեզը, որ երկու պետություններն էլ գտնվում են ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում, ի դեպ՝ սրանք այն երկու հայտնի կազմակերպություններն են, որոնց մասին ընդդիմադիր եղած ժամանակ բավական ցինիկ ու արհամարհական արտահայտություններով է հանդես եկել այսօրվա պրոպագանդիստների «հոգևոր հայր» Նիկոլը՝ հայտարարելով, որ «ՀԱՊԿ-ն սպասարկում է բացառապես ՌԴ շահերը և գործում է միայն նրա կարգադրությամբ, չկան գործընկերային շահեր», իսկ «ԵԱՏՄ-ն Հայաստանի վզին փաթաթել են ՌԴ ստրուկը դառնալու համար»։
Այս ամենը ցույց է տալիս Փաշինյանի իրական դեմքն ու նրա իրական կերպարը, այն, որ նույն մեթոդներով, միգուցե ավելի կոշտ, հանրային դժգոհությունը կճնշի հենց նույն Փաշինյանը, ով իրեն հռչակել է սուպերդեմոկրատ։ Ի դեպ, մենք փաշինյանական ռեպրեսիվ գործողություններին ականատես դարձանք նախորդ տարի Իջևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի օրերին, երբ մայրաքաղաքից մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկանության ներքին զորքերը տեղափոխվել էին Փաշինյանի ծննդավայր Ւջևան։ Ավելին, բոլորովին վերջերս մենք ականատես եղանք, թե ինչպիսի բռնի ուժ է կիրառվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ցույցեր իրականացնողների նկատմամբ։
Քանիցս նշել ենք, որ ցանկացած քաղաքական գործչի համար առաջնային նշանակություն ունի սկզբունքայնությունը։ Հակառակը՝ անսկզբունքայնությունը զուտ թուլություն է, այն էլ՝ ղեկավարի պարագայում:
Եթե ամեն ինչ դիտարկվում է ռեալ-պոլիտիկի դիրքերից, ապա չպետք է բացառենք, որ հենց նույն ռեալ-պոլիտիկի սկզբունքով նման գործողություններ կիրառվեն նաև Հայաստանում, ինչը փաշինյանական ռեժիմի համար լրիվ ընդունելի է։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Ի դեպ, Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի մասին անդրադարձ չկա, փոխարենը կար Իլհամ Ալիևի շնորհավորանքը։ Ըստ էության նրանք նույնիսկ չեն կարևորել Փաշինյանի շնորհավորանքը։