Բաժիններ՝

Տաթևի վանական համալիրն ու վանքի ձեթի արտադրությունը

Ցավալիորեն պետք է նշել, որ վերջին տարիներին հայ իրականության մեջ ոմանք սկսել են ծաղրի ենթարկել այն հանգամանքը, որ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերն ունեն իրենց ուրույն տեղը, դիրքը, հայտնի են իրենց կատարած գյուտերով ու հայտնագործություններով։

Թերևս, շատերի համար անհասկանալի է, թե այդ ամենն ինչի՞ համար է արվում, բայց մյուս կողմից՝ պետք է հստակ ընդգծել և ներկայացնել փաստերը։ Դրանք առաջին հերթին՝ կարևոր են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ինչ-որ նոր բան սովորել ու գիտակցել, որ համաշխարհային քաղաքակրթության բաց երկնքի տակ հայ ժողովուրդն իրոք ունի իր ուրույն տեղը։

Աշխարհի մի շարք հնագույն ազգեր ու պետություններ հայտնի են ձեթի արտադրությամբ։ Այդ ցանկում են նաև հայերը։ Հայերը ձեթի արտադրությամբ զբաղվել են դեռևս ուրարտական ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 9-6-րդ դարերում։ Այդ ամենը վկայող ու փաստող շատ իրողություններ կան, որոնք հասել են մինչև մեր օրերը։

Հայտնի է Կարմիր Բլուր ամրոցի ձիթատունը, որը Հայաստանի տարածքում հայտնի ձիթատներից ամենահինն է։ Ձիթատունը թվագրվում է մ․թ․ա․ 7-րդ դարի։

Հատկանշական է, որ ձիթատունը կառուցվել է ամրոցի արտաքին պարսպի մոտ՝ առաջին հարկում։ Պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձիթատունն ունեցել է արտադրական հզորություն, որտեղ արտադրվել է քունջութի ձեթ։ Արևմտյան Հայաստանը ևս հայտնի է եղել ձեթի արտադրությամբ։

Մասնավորապես՝ Անիի Սուրբ Գրիգոր եկեղեցու ձիթհանը թվագրվում է 13-րդ դարի։ 20-րդ դարասկզբին հայտնաբերված ձիթհանը գտնվել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքում։ Անիի ձիթհանում արտադրվել է կանեփի և կտավատի ձեթ։ Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել, քանի որ հայտնի ձիթհաններ եղել են Կարբիում, Յանջիում,Ազատաշենում, Թալինում, Խնձորեսկում և մի շարք այլ վայրերում:

Այս ցանկում յուրահատուկ է, սակայն, Տաթևի վանքի ձիթհանը, որը կառուցվել է 17-րդ դարում։ Հատկանշական է, որ այդ ժամանակաշրջանում ձեթի արտադրությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից էր։ Դրան առաջին հերթին՝ նպաստեց 17-18-րդ դարում վանքերի հողերի ընդարձակումը, քանի որ այն հնարավորություն տվեց ավելացնել ձիթհանների թիվը։ Միայն 19-րդ դարում Հայաստանում թվագրվում է մոտ 300 ձիթհան։ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ ձեթի արտադրությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն էր։ Տաթևի վանական համալիրի ձիթհանը մեծ նշանակություն ուներ թե՛ վանքի, և թե՛ վանքի շրջակա տարածքների համար։ Մասնավորապես՝ Տաթևի ձիթհանը ժամանակի տեխնիկապես ամենազարգացած  ձիթհաններից էր։ Դա են վկայում պահպանված գործիքներն ու արտադրության նմուշները, որոնք ապացուցում են այդ ամենը։ Տաթևի ձիթհանի արտադրանքն ապահովում էր վանքի հարակից բոլոր գյուղերի կարիքները։

Յուրահատուկ է Տաթևի ձիթհանը, որ կառուցված է վանական համալիրի մոտ, սակայն պատերից դուրս։ Այդկերպ գյուղացիներն ու աշխարհիկ մարդիկ չէին խանգարի, որպեսզի վանական համալիրում կյանքն ընթանար իր բնականոն հունով։ Տաթևում տարբեր մշակաբույսեր էին մշակվում և, դրանով պայմանավորված՝ կառուցվում էին տարբեր տեսակի ձիթհաններ։ Սակայն այնտեղ հիմնականում արտադրվում էր քունջութի ձեթ։ Նախ հատիկները թրջվում էին, թեփահանվում, և այդ ամենից հետո միայն քունջութը ճզմվում էր, և ստացվածը լուծում էին տաք ջրում։ Այդ ամենից հետո ստացվում էր վերջնական արտադրանքը։ Փաստացի Տաթևի վանական համալիրը գրչության, դպրության և հոգևոր կենտրոն լինելուց զատ՝ հայտնի էր նաև իր ձիթհանով։ Այսօր վանքում կարելի է տեսնել վանական համալիրի երբեմնի խաչքարերը, իսկ մյուս կողմում՝ պահպանված ձիթհանը, որն իր տեխնիկական միջոցներով փաստում է, որ վանքը ձեթի արտադրությամբ ամենամեծերից մեկն էր։

Սակայն 1931 թվականին Սյունիքի մեծ երկրաշարժից հետո, վանքի հիմնական կառույցների հետ մեկտեղ, ավերվեց նաև ձիթհանը։ Տաթևի ձիթհանը վերականգնվեց միայն 2010 թվականին։ Սակայն անգամ այդ տեսքով այն պատկերացում է առաջացնում, որ վանական համալիրը մանրանկարչության դպրոց, մատենադարան և վերոնշյալ մյուս դպրոցներն ունենալու հետ մեկտեղ՝ նաև զարկ է տվել տնտեսության զարգացմանը։ Այնպես, որ այն երբեք չխանգարի հոգևոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Սրանք փաստեր են, որոնք մենք տեսնում ենք հիմա, զարմանում, սակայն մյուս կողմից՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայոց միտքը բարոյազրկվի և դադարի հոգևորն ու մաքուրն արարելուց։ Այդ ամենն արվում է հիմա, մեր աչքի առաջ, սակայն մենք լռում ենք, քանի որ կամ չենք հասկանում, թե ինչ են անում, կամ էլ հասկանում ենք, սակայն հասարակության ձայնը շատ ցածր է պետության և իշխանության ձայնի առաջ։ Ցածր է, բայց գիտակից։

Այդ մարդիկ գիտակցում են, որ մոտ 1000 տարի, երբ հայերը չունեին պետություն, իրենց պահեց և դեպի Հայաստանի Առաջին Հանրապետություն ուղեկցեց կրոնը, լեզուն և մշակույթը։ Իսկ այժմ այդ հզոր եռամիասնության ջարդ է տեղի ունենում։ Շատերն են փորձել այդ ամուր համակարգը ջարդել, սակայն ջարդողները կամ վերացել են, կամ էլ հայտնվել պատմության աղբանոցում։ Դա բացարձակ իրականություն է, քանի որ հայոց լեզուն, կրոնն ու մշակույթը բացարձակ արժեք է, իսկ այդ արժեքների դեմ պետական, տգետ հարձակումը դատապարտված է միայն ձախողման։

Զ Շուշեցի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս