«Ուրախ եմ, որ վարչապետը բարձրաձայն հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարը որևէ կապ չունի այս չափորոշիչների հետ». Քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթական չափորոշիչներն արտահայտում են իրենց ռազմավարական պատկերացումները, և դրանից որևէ բան չի շեղելու։

«Չափորոշիչների շուրջ բազմաթիվ քննարկումներ է եղել, ուստի ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում, իհարկե, կլավարկվի այն առումով, որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով, և մենք այդ ռազմավարական մեր պատկերացումը պետք է արձանագրենք:

Հաջորդ փուլում արդեն պայմանավորվեցինք, որ մենք ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Իհարկե, այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղել են, արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ բաց լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու, և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն, սա ի գիտություն»,-Կառավարության նիստում ասել էր վարչապետ Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ չափորոշիչների հետ կապված դիրքորոշմանը, ասաց.

«Ուրախ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ բարձրաձայն հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի այս չափորոշիչների հետ։ Հիմա խնդիրն այն է, որ հասարակության մի շերտ հասկանալով, որ չափորոշիչներն հակաազգային են, ազգակործան, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի անունը չեն տալիս, չեն ուզում ասել, որ այս ամենի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»։

Նրա խոսքով՝ վարչապետն արդեն որերորդ անգամ  շատ ազատ հայտարարում է, որ այդ հակաազգային ու հակապետական ծրագրերի և տարատեսակ սեռական փոքրամասնությունների պաշտպանության հետևում կանգնած է հենց ինքը, այլ ոչ թե ինչ-որ նախարար։

Ըստ նրա, վարչապետը նման բաներ է անում, քանի որ ի կատար է ածում իր իդեաֆիքս ծրագրերը, որոնց մասին վաղուց ֆեյսբուքյան գրառումներով ակնարկել է։

«Պետք չէ մոռանալ, որ այն գործերն ու հեղինակները, որոնք ներառվել են ներկայիս չափորոշիչներում, Նիկոլ Փաշինյանը դրանց երկրպագուն է։ Պետք չէ նաև մոռանալ, որ Փաշինյանի կառավարությունը փայատիրական է, և ինքնըստինքյան այդ կառավարության մեջ փայատեր հանդիսացող որոշ ուժեր, որոնք գլոբալիստական շարժման կողմնակից են, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից են, նրանք երբևիցե չեն թաքցրել, որ իրենք կտրականապես դեմ են ազգայինին։ Հիմա երկուսը մեկում ձևաչափով փորձում են կյանքի կոչել այդ ծրագիրը։ Անկեղծ ասած, շատ զարմանալի է, որ հայտարարում են, թե այդ չափորոշիչները  վերջնական չեն։ Քննարկումների են հրավիրում մասնակիցներին, բայց միևնույն ժամանակ՝ Փաշինյանն ասում է, թե չափորոշիչներում որևէ փոփոխություն չի լինելու։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որ որևէ փոփոխություն լինի, և իրենց նախընտրածն առաջ կտանեն»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս