«Խաղաղասիրական կոչերը «գետնի վրա» ազդեցություն չունեն պատերազմի մնայուն սպառնալիքի պայմաններում». Խաչիկ Տեր-Ղուկասյան
168.am-ը զրուցել է Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-Սփյուռք կամ ՀՀ-Սփյուռքի կառույցներ համագործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ի համար կարևորագույն արտաքին հարցերի շրջանակում:
– Համագործակցություն, անշուշտ, կա, բայց չունի համակարգված և շարունակական բնույթ։ Շատ հաճախ այն տեղի է ունենում հատուկ հարցերի, ընդհանրապես, հրատապ խնդիրների օրակարգով, և սա մեծապես կախված է տվյալ երկրում ՀՀ դեսպանի պատրաստակամությունից և այդ համագործակցության կազմակերպման կարողականությունից: Բաղձալին կամ իդեալականը, անշուշտ, նման համագործակցության ընդհանուր ռազմավարական հայեցակարգ ունենալն է: Գիտեմ, որ հեշտ չէ, ոչ էլ անպայմանորեն կերաշխավորի համագործակցության արդյունավորումը: Բայց միգուցե կստեղծի ինչ-որ սկզբունքային ենթահող կամ ընդհանուր ուղեցույց համագործակցության կանոնավորում և շարունակականություն ապահովելու համար՝ պետական քաղաքականության մակարդակով և անկախ օրվա իշխանություններից:
– Որքանո՞վ է ՀՀ-ն կարողանում իր ռազմական հաղթանակներն ամրագրել դիվանագիտական ճակատում:
– Ռազմական հաղթանակներն ավարտվեցին 1994-ին, կամ, ասենք՝ ժամանակավոր կանգ առան զինադադարի համաձայնությամբ։ Այն օրից ի վեր ռազմական գործողությունների ոլորտում հայկական կողմի հաջողություները և ձախողումները պետք է դիտել թշնամու ներթափանցման փորձերը կամ ավելի լայնամասշտաբ հարձակումները կասեցնելու մեջ: Դիվանագիտական հողի վրա, կարծեմ, 1994-ից հետո հայկական կողմը շեշտը դրեց ստատուս-քվոյի պահպանման վրա: Ադրբեջանական կողմը, ընդհակառակը, օգտվելով նավթի գնի աճից՝ 2003-ից հետո, շատ ավելի լուրջ պատրաստվեց դիվանագիտական համաշխարհային լայն հարձակման: Արդյունքում՝ նա ոչ միայն Մադրիդյան սկզբունքներին հասավ, այլև Ադրբեջանի համար աշխարհաքաղաքականորեն մինչ այսօր շատ հեռու և անծանոթ տարածաշրջաններում, ինչպիսին Լատինական Ամերիկան է, հաստատվեց և լուրջ առաջընթաց արձանագրեց: Հայկական կողմի համար ամենավատն այն է, որ Բաքվին հաջողվել է աշխարհին համոզել, և թեկուզ ինքը լինի նախահարձակ, երրորդ կողմերն առնվազն չեզոքություն պիտի խաղան և նույն կշռի վրա դնեն երկու կողմերին: Հայկական դիվանագիտության համար այս «չեզոքության» միֆի մերկացումն այսօրվա մեծագույն մարտահրավերն է: Դրանից բացի, անշուշտ, Արցախի վերադարձը բանակցային սեղան, լոկ հայտարարություն կամ բաղձանք չպետք է լինի:
– Ինչի՞ արդյունք է Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի բացահայտ ագրեսիվ պահվածքը, գուցե Եվրոպայի մեղմ քաղաքականությա՞ն:
– Չեմ կարծում, որ Եվրոպայի քաղաքականությունը, նկատի ունեմ եվրոպական շահերի բարդ հաշվարկները, այդքան մեղմ լինեն Թուրքիայի նկատմամբ: Ի դեպ, Ադրբեջանին Թուրքիայի, այսպես ասած, ագրեսիվ աջակցությունը նոր չէ, և հայկական կողմից սխալ կլինի այլ բան ակնկալել նրանցից: Այսօրվա Թուրքիայի ագրեսիվությունը հայելին է Էրդողանի քաղաքական պահվածքի և ագրեսիվության, քաղաքականություն վարելու ոճի, և, անշուշտ, տարածաշրջանում նեոօսմանական իր բացահայտ ծրագրերի:
Ինչ վերաբերում է Նախիջևանում ռազմափորձերին, շատ հավանական է՝ նրանց պատգամն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին, հերթական փորձն է Ռուսաստանի «թույլտվությունը» կամ «հանդուրժողականությունը» ստուգելու, փորձարկելու, ինչպես բազմիցս եղավ Սիրիայում: Հետևաբար՝ Թուրքիայի՝ Ադրբեջանին օգնելու այս ագրեսիվ պահվածքի համար պետք է ոչ այնքան նայել դեպի Եվրոպա՝ բացատրություն գտնելու, որքան՝ Ռուսաստան: Ի վերջո, խնդրո առարկա աշխարհաքաղաքական տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի է, իսկ թիրախը՝ ՌԴ դաշնակիցը Կովկասի մեջ:
– Վերջին տարիներին ՀՀ-ում, ինչպես նաև՝ համանախագահները, հաճախ են խոսում հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու մասին, խաղաղության կոչերը հաճախակի են դարձել: Ադրբեջանի նման ապակառուցողական թշնամու դեպքում որքանո՞վ է սա արդյունավետ, կամ՝ փխրուն խաղաղությունը պահելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
– Խաղաղասիրական կոչերը կմնան կոչեր, դրանք «գետնի վրա» ազդեցություն չունեն պատերազմի մնայուն սպառնալիքի պայմաններում: Ադրբեջանական կողմի խաղաղասիրական կոչերին ես այնքան էլ ծանոթ չեմ, և, թերևս, շատ ավելի վտանգավոր է Ադրբեջանում նման կոչեր անելը, քան Հայաստանում, ուր նման կոչերը ներքին քաղաքական սպառման համար են միայն, իսկ դրսում կմնան՝ ինչպես «ձայն բարբառո հանապատի»:
Հայաստանում հնչող նմանօրինակ կոչերի վերաբերյալ կասեմ նաև՝ այնքան ժամանակ, որ կա պաշտպանական արդի և մշտապես արդիականացման կարող համակարգ, մարտունակ բանակ և մնայուն կերպով զգաստ զինվորական և քաղաքական ղեկավարություն, և ոչ միայն, խաղաղությանը պատրաստ լինելու և դրա գինը ռազմատենչ թշնամուց գանձելու գիտակցության փաստն ի ցույց կդնենք: