Բաժիններ՝

Մինչև գնում, դիմավորում և շտապօգնության մեքենան բերում ենք՝ մարդը մահանում է. Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչներն ահազանգում են

«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանն ահազանգում է՝ Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչները երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:

«Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածում մոտ 525 ընտանիք է բնակվում: Նախկինում եղել է Այգեգործական միություն, որի լուծարումից հետո տարածքը մնացել է անանուն: Տվյալ հատվածում ոչ փողոցի համար կա, ոչ բան, այսպես անտեր ու դուրս է՝ ինչպես  ջունգլիները: Տարածքում չկա խմելու, ոռոգման ջուր:  Վերանորոգված ճանապարհ չկա ու լուսավորություն: Ճանապարհը բերել են, որ սարքեն, մեկ ամիս է՝ թողել են. կեսն արել են,  կեսը՝ չէ, ու անբարենպաստ եղանակին մարդիկ մնում են ճանապարհի կեսին: Ճանապարհին ցուցանակներ չկան: Ուզում էինք, որ փողոցը կոչվեր Մոնթե Մելքոնյանի անունով, բայց կա, գոնե  դնեն Այգեգործների թաղամաս, ինչ-որ մի անուն դնեն, որ փողոց հարցնեն՝ ասենք: Շտապօգնությունը եկել, ասում է՝ ճանապարհն ինչպե՞ս գանք: Մինչև գնում, դիմավորում և շտապօգնության մեքենան բերում ենք՝ մարդը մահանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ խնդրին տեղյակ է և՛ համայնքի ղեկավարը, և՛ քաղաքապետը:

«Բավականին գրություններ կան՝ ուղղված նրանց: Դարձել է ֆուտբոլի դաշտ՝ դիմումներն այստեղից այնտեղ ենք գրում, ու բացասական պատասխաններ են գալիս: Մարդկանց անձնագրերում գրվում է՝ Էրեբունի 3-րդ զանգված՝ 6/9 կամ 6/10 հողակտոր: Խարբերդի նման չէ, այնտեղ գրվում է՝ առաջին, 2-րդ փողոց, ու կանչի ժամանակ արդեն փողոցների ուղղությունները վահանակներով կա»,- նկատեց քաղաքացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս