ԱՄՆ-ը 2,1 մլրդ դոլար կտրամադրի Sanofi-ին և GSK-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար
ԱՄՆ-ի կառավարությունը 2,1 միլիարդ դոլար կտրամադրի Ֆրանսիայի Sanofi դեղագործական կորպորացիային եւ Մեծ Բրիտանիայի GSK (GlaxoSmithKline) ընկերությանը, որոնք համատեղ պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ: Այդ մասին ասված է երկու ընկերությունների հայտարարությունների մեջ: Համաձայնագրի շրջանակներում այդ ընկերությունները հաջող աշխատանքի դեպքում պարտավորվում են ԱՄՆ-ին մատակարարել 100 միլիոն դոզա պատվաստանյութ:
Ըստ որում ապագայում ԱՄՆ-ի իշխանությունները կկարողանան լրացուցիչ ստանալ 500 միլիոն դոզա պատվաստանյութ: Նշվում է, որ հատկացված միջոցների մեծ մասը բաժին կհասնի հենց Sanofi-ին: ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարի խոսքով՝ իշխանությունների համապատասխան ներդրումները «բարձրացնում են մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ անվտանգ պատվաստանյութի ստացման հավանականությունը»:
Sanofi и GSK-ն պլանավորում են պատվաստանյութի, որը հիմնված է ԴԱԹ-ի վերահամակցման տեխնոլոգիայի վրա, կլինիկական փորձարկումներն սկսել այս տարվա սեպտեմբերին եւ այն վաճառքի թողարկել 2021 թվականի առաջին կիսամյակում: Ֆրանսիայի կորպորացիայի հավաստիացմամբ՝ պատվաստանյութը կլինի «արդյունավետ եւ հուսալի» եւ կարտադրվի մեծ ծավալներով: Sanofi-ում վստահ են, որ պատվաստանյութը հաջող փորձարկումներ անցնելու դեպքում կորպորացիան կկարողանա արտադրել տարեկան մինչեւ 1 միլիարդ դոզա: Կորոնավիրուսի համվարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է ավելի քան 17,2 միլիոն մարդ, 673 հազարից ավելին մահացել է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ը երկրների թվում առաջատարն է ինչպես ախտահարվածների՝ ավելի քան 4,4 միլիոն մարդ, այնպես էլ մահացածների թվով՝ 152 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: