Շորժա գյուղի մոտ երկու ավտոմեքենա գլորվել է ձորը. հոսպիտալացվել է չորս մարդ
Հուլիսի 26-ին, ժամը 10։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և «Արծիվ» կոչվող լողափի մոտ հերթապահություն իրականացնող փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Գուրգեն Ա․, ծնված 1984 թ․) և «Honda Accord» (վարորդ՝ Մամիկոն Կ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտ 4 մ գլորվել մոտակա ձորը։ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և հայտնվել կայանած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկներն, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ճանապարհից հետ են վերադարձվել, քանի որ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբի փրկարարներն արդեն իսկ շտապօգնության երկու ավտոմեքենաներին էին մոտեցրել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գարիկ Մ․-ին, Մայիս Ա․-ին, Քաջիկ Ա․-ին և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հարություն Ս․-ին։ Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։