Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. համայնքում հատուկ ռեժիմ կգործի

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել, 4 վարակակիր կա: Տեղեկությունն այսօր 168.am-ի հետ զրույցում տվեց Արցախի պարետատան մամուլի պատասխանատու Սամվել Բալայանը՝ նշելով, որ գյուղում ելքի և մուտքի հատուկ ռեժիմ է գործում:

«Այգեստանի բնակիչը վարակվել է Ստեփանակերտի օջախից, այնուհետև գյուղում ունեցել է շփման շրջանակ, որպեսզի գյուղից վարակը չտարածվի, այլ բռնկումներ չլինեն, դրա համար կգործեն այդ սահմանափակումները: Շփման շրջանակի հստակ թիվը չեմ կարող նշել, բայց բոլորը մեկուսացված են, իսկ ովքեր կասկածվում են՝ ինքնամեկուսացվում են և թեստ է արվում: Այդ շրջանակից հաստատված դեպք դեռ չկա»,- ասաց Բալայանը:

Նշենք, որ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Բացառություն կարվի առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Հյուսիս-Հարավ մայրուղով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի:

Որոշումն ուժի մեջ է մտել այսօր ժամը 18-ից, սակայն մինչև վաղը՝ ժամը 12-ը, թույլատրվում է Այգեստան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության սահմանած վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/166687518305370?__xts__[0]=68.ARC8nxYV7r7ZFP4mSYJkgYOHYpw7gnRVkNAFyGLFRd5hCaXMjrB455kwDLljUiz7dQPfh7dlkvN5zEEdVFzlhkGPWyKVXUBlx7OBWPxjCAs3ksJ0YIlqnGNGfPNBUlLi7pVIZvvfsFaeCwv195FEQ-JWPtt02LDR5AtskGlHNrK0bZPvw88ZaAC0sxIcf9nq2lXl1AAMXVkZT7qY1NOtKxIEnSg6a0XBHTRx0WrqvCR2W-LjxsWe7Z5J5EV8_La9UW-cGVmRQYsuqO4UQgFuXGueEpu8Dc88TWyixr6SI1O7xe1gceCL0DrAK8vZ10HIuKy2hO4Hmmq9jBivehGUPjeO7t2Zhr_6nXrc0lNxUisJa_QXAZyaIQ&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս