Բոլոր պաղպաղակ արտադրողներն էժան տարբերակ են գտել՝ սերուցքային կարագի փոխարեն օգտագործում են բուսական յուղ. Ռուբեն Հայթյան
«Պաղպաղակների պատրաստման ժամանակ ընկերությունների երևի 99 տոկոսը կարագ չի օգտագործում: Ստանդարտով նախատեսված է սերուցքային կարագ, սակայն բուսական յուղ են օգտագործում: Օրենքը չի արգելում, բայց եթե էժան է այն, ինչ օգտագործվում է, բնական է՝ պաղպաղակի գինը պետք է էժան լինի, սակայն այդպես չէ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Նրա փոխանցմամբ՝ մանր մակնշմամբ նշում են, որ պատրաստված է բուսական յուղով:
«Բոլոր պաղպաղակ արտադրողներն էժան տարբերակ են գտել, կոկոսի յուղը բերում են, օգտվելով առիթից, որ օրենքը չի արգելում, մանր էլ գրում են մակնշումը: Ստանդարտով նախատեսվում է սերուցքային կարագ, հետևաբար՝ կարող էր մյուս տարբերակն էլ լինել: Կարագով էլ թող սարքեին, դա մի քիչ թանկ լիներ, բայց ոչ, բոլորը միատեսակ են»,- նկատեց Ռուբեն Հայթյանը:
Նշենք, որ բնական պաղպաղակի բաղադրատոմսն է՝ անարատ կաթ, սերուցք և շաքար: Մի շարք արտադրողների կողմից բուսայուղի օգտագործումը պաղպաղակի բաղադրության մեջ պայմանավորված է նրանով, որ այն ավելի էժան է, քան կարագը: Սակայն անգամ օգտագործելու պարագայում պարտադիր է, որպեսզի այդ մթերքը վաճառվի՝ որպես բուսական պաղպաղակ, իսկ բուսայուղի տոկոսը մակնշված լինի բաղադրության մեջ: