Եռամսյա ժամկետով պահեստազորի հավաք կանցկացվի
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Կառավարությանը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման՝ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել 786 քաղաքացու, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ընդ որում` տարբեր մասնագիտացում ունեցող պահեստազորայինների համար տարբեր ժամանակահատվածներ են սահմանվել, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբի զորահավաք-վարժանքը կտևի մոտ 10 օր: Մասնավորապես.
1. մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6-15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16-25-ը ներառյալ,
2. հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19-28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9-18-ը ներառյալ,
3. հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23-29-ը ներառյալ,
4. կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20-29-ը ներառյալ,
5. հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17-26-ը ներառյալ,
6. ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 2-29-ը ներառյալ,
7. ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,
8. տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22-28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ,
9. թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5-11-ը ներառյալ ներառյալ,
10. տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
Ինչ վերաբերում է պահեստազորի հավաքի անհրաժեշտությանը՝ Պաշտպանության նախարարությունը հետևյալ հիմնավորումն է ներկայացնում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:
Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»: