ԱԱԾ-ում սատանաների որսը շարունակվում է. Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձ չի բացահայտվել

Երեկ՝ առավոտյանի ժամը 11.00-ի շրջանում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խրոխտ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից»,-նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ էր արել նաև ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո:

Անհանգստացանք, տարածեցինքն սոցիալական ցանցի մեր էջերում, շտապեցինք մեր հարազատներին ու ծանոթներին զգուշացնել, մեր հեռախոսահամարների մեջ փորձեցինք իդենտիֆիկացնել նշված հեռախոսահամարները՝ հասկանալու համար՝ արդյոք պատասխանե՞լ ենք, թե՞ ոչ այդ զանգերին:

Ու հանկարծ կարճ ժամանակ անց հաղորդագրությունը ԱԱԾ ֆեյսբուքյան էջից անհետացավ:

168.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին, որ խնդիրը տեխնիկական է, և շուտով կուղղվի: Մոտ 3-4 ժամ տեխնիկական խնդիրը լուծելուց հետո ԱԱԾ-ն վերջապես կրկին տարածեց նույն տեքստը: Զարմացանք, բայց հավատացինք:

Ավելի ուշ, Վիվա-ՄՏՍ-ը, քանի որ նշված հեռախոսահամարները պատկանում էին հենց այդ բջջային օպերատորին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն տարածեց, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

«Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»,- նշված էր բջջային այդ օպերատորի տարածած հաղորդագրության մեջ:

Այստեղ արդեն հարցեր առաջացան՝ իսկ ի՞նչ էր պատահել իրականում, որովհետև եթե Վիվա-ՄՏՍ-ն ասում է, որ հաքերային արձակման չեն ենթարկվել, չեն վնասվել, ու համարներն իրենք են տրամադրել ընկերությունների, ինչո՞ւ էր այդքան աղքատիկ ԱԱԾ հաղորդագրությունը, և ինչո՞ւ դավաճանական գործունեություն ծավալելու վերաբերյալ հաղորդագրություն չտեսանք:

168.am-ի տեղեկություններով, սակայն, իրականում Ադրբեջանի համար տեղեկատվության հավաքագրման փորձ անգամ տեղի չի ունեցել, և փաստորեն ԱԱԾ-ն շարունակում է սատանաների որսը ու աշխատանքի իմիտացիան:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի UNISEF-ի բաժինը որոշել է իրենց գործընկերների միջոցով բնակչության շրջանում հարցումներ իրականացնել՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, և ԱԱԾ-ի կողմից նշված հեռախոսահամարները հենց այդ գործընկերների հեռախոսահամարներն են, որոնք տրամադրել է Վիվա-ՄՏՍ-ը, ինչի մասին նշում է իր իսկ տարածած հաղորդագրության մեջ:

Զանգել են բազմաթիվ քաղաքացիների, սակայն որևէ հարց, բացի կորոնավիրուսին վերաբերող թեմաներից, հարցման բովանդակության մեջ չի եղել:

Ինչ-որ օգտատեր, հավանաբար, մեկը այն կատեգորիայի անձանցից, ովքեր ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգեր են կատարում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե ադրբեջանցիներ են զանգում, տվյալներ են հավաքագրում, և հենց այդ ինֆորմացիան է ԱԱԾ-ի համար հիմք հանդիսացել սատանաներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան:

Մեր տեղեկություններով՝ նույնիսկ հարցումներ իրակակացնող ընկերությունների պատասխանատուներին են հրավիրել ԱԱԾ ու հարցաքննել:

ԱԱԾ-ում, թերևս, դրանից հետո հասկացել են, որ ոչ մի ադրբեջանական հետք էլ չկա այդ հարցումների մեջ, բայց քանի որ կառույցի երիտասարդ, բայց անփորձ տնօրենին երևի շատ է պետք վարչապետի աչքերում ամենակարող երևալ, հյուսվում է վերոբերյալ լեգենդը:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ից՝ նշելով, որ տեղեկություն ունենք, որ ԱԱԾ երեկվա տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, խնդրեցինք մեկնաբանել: ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավարը, սակայն, մեզ ասաց, որ հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն:

Փաստենք, որ հերթական անգամ ԱԱԾ վերջին ժամանակվա գործելակերպը ապացուցում է, որ կառույցի լավ տնօրեն լինելու համար 12 ժամում ՊՎԾ ղեկավար-ՔԿ տեղակալ-ԱԱԾ տնօրեն թռիչքը բավարար չէ:

Լրջագույն այդ կառույցում վրիպումը վրիպման հետևից թույլ տալը, ցավալի է արձանագրել, սակայն երկրի բարձրագույն ղեկավարությանը ոչինչ չի ասում, որովհետև ԱԱԾ երիտասարդ տնօրենը թերևս շատ լավ է կատարում իր այն գործառույթը, որի համար էլ նշանակվել է այդ պաշտոնում:

Բայց նկատենք, որ երկրի ներսում թշնամիներ պեղելը, մեղմ ասած, այնքան էլ պատվաբեր զբաղմունք չէ, երբ դու ունես արտաքին թշնամի ու լարված իրավիճակ սահմանին:

Տեսանյութեր

Լրահոս