Բաժիններ՝

«Տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով»․ Վիվա-ՄՏՍ–ը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս