ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրավապահներին ներկայացրել է ադրբեջանական գործողությունների հանցավոր բնույթը
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայերի հետ՝ քննարկելու Ռուսաստանում ադրբեջանական խմբավորումների կողմից հայերի վրա հարձակվելու խնդիրը։ Ռուսաստանաբնակ հայերը նշել են, որ իրենց հարազատներին ադրբեջանական խմբերը ծեծի են ենթարկում, հայհոյում են այն դեպքում, որ իրենք որևէ անօրինական գործողություն չեն իրականացրել։ Նրանք դեսպանից հետաքրքրվեցին, թե արդյոք այս խնդրին լուծում տրվելու է, թե անհրաժեշտ է հայ համայնքի ներգրավումը այս հարցում։
Դեսպանը պատասխանել է, որ դրանք կազմակերպված հարձակումներ են, որոնց նպատակն է, որ հայերը պատասխանեն այդ գործողություններին։ Ադրբեջանական խմբերի սադրիչ գործողությունները կազմակերպված են, ունեն աշխարհաքաղաքական նկատառումներ։
«Նրանք ցանկանում են, որպեսզի դուք, լինելով էմոցիոնալ մարդ, պատասխանեք այդ գործողություններին։ Բնականաբար, նրանց արարքները հանցագործություն են, և այդ մասին մենք տեղեկացրել ենք բոլոր իրավապահ մարմիններին՝ քննչական մարմիններին, դաշնային ծառայությանը և այլն»,- ասել է Տողանյանը։
Դեսպանը հայտնել է, որ խնդրի առնչությամբ դեսպանության աշխատակիցները հանդիպումներ են ունեցել ՌԴ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել են, որ ադրբեջանական խմբերի կողմից այսպիսի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան բախման։
Տողանյանը ցավով նշել է, որ հուլիսի 23-ին այդ սադրիչ գործողությունները ստացել են զանգվածային բնույթ։
«Այս ամենն ազգամիջյան հավասարակշռության հիմքերը խարխլելու, հայությանը հունից հանելու և կոնֆլիկտ ստեղծելու նպատակ ունի։ Դա երեկ արվեց՝ մեքենաներ են վառվել, մարդկանց են ծեծել, կան դանակահարված մարդիկ, շատ տուժածներ»,- ընդգծել է դեսպանը։