«Կան ուժեր, որոնք հակամարտությունը տեղափոխում են երրորդ երկրի տարածք». Վիգեն Հակոբյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտության ֆոնին սկսեցին ակտիվանալ երրորդ երկրների տարածքում ազգամիջյան բախումները: Ամենատարբեր կողմերից պարբերաբար հնչող հանդարտության կոչերն իրավիճակը չեն կարողանում կայունացնել: Ինչպիսի՞ զարգացումներ պետք է ակնկալել այս ճակատում, և որո՞նք պետք է լինեն երկու կողմերի քայլերը՝ իրավիճակը զսպելու համար, 168.am-ը հարցադրումները հղել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանին և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին:
«Չեմ կարծում, որ սահմանային բախումները, սահմանային լոկալ պատերազմներն ավարտվել են, կարծում եմ՝ դրանք պարբերական բնույթ են կրելու, բայց քանի որ մեր կռիվն Ադրբեջանի հետ վաղուց հիբրիդային բնույթ է կրում, այսինքն՝ կա ինֆորմացիոն պատերազմ, կա ուղղակի տաք պատերազմ, կա պրոքսի պատերազմ նույնիսկ, հիմա դրան ավելացել է նաև երրորդ երկրներում այսպիսի բախումների միջոցով հարցը տաք պահելու պրակտիկան»,- մեզ հետ զրույցում նկատեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ տեղի ունեցողը հիբրիդային ընդհանուր պատերազմի դրվագներից մեկն է:
Ըստ քաղաքագետի՝ կան ուժեր, որոնք այս հակամարտությունը տեղափոխում են երրորդ երկրի տարածք: Հարցին, թե այդ ուժերը երրորդ կողմից ուղղորդող ուժեր են, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ տվյալ դեպքում ավելի շահագրգիռ է Ադրբեջանը, իր ռազմավարական դաշնակից Թուրքիան, կարող են լինեն նաև երրորդ ուժեր, որոնք ինչ-որ բաներ են ուզում հասկացնել կամ արագացնել պրոցեսները՝ օրինակ՝ բանակցային գործընթացը: Դա հիմա պետք չէ բացառել, որովհետև, ընդհանուր առմամբ, շատ կենտրոններ, այդ թվում՝ գեոքաղաքական կենտրոններ, կարող են շահագրգիռ լինել, որպեսզի թեժացնելու նաև այս մոդելը լինի»:
Անդրադառնալով բախումների աշխարհագրությանը՝ նա նկատեց. «Մենք տեսնում ենք, որ սա տարածվում է ամբողջ աշխարհով: Սկսվեց ցույցերի ժամանակ բախումներով, որը, ըստ էության, նորություն չէ, որովհետև եթե ցույցեր էին լինում, ու կային հակամարտող կողմեր, նման բախումներ պարբերաբար լինում էին (ու չէին էլ կարող չլինել), բայց հիմա՝ սա միայն ցույցերով չի պայմանավորված: Տեսաք՝ ծիրանային «էպոպեան». ծիրանի շուրջ գործողությունները ուշ թե շուտ պետք է բերեին նաև որոշակի լարվածության՝ մանավանդ այն երկրներում, որտեղ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները համայնքներով են ապրում:
Բայց իմ տպավորությամբ՝ այստեղ կա ուղղորդում՝ ուղղորդում ինչպես բուն գործողություններ անելու, այնպես էլ՝ քարոզչական առումով, լուսաբանելու առումով»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ գործողություններում արդեն զանգվածների հոգեբանությունն է սկսում դեր խաղալ. «Ի վերջո, բարդ և էմոցիոնալ ազգային թեմաներ են, որոնք միշտ էլ բոլոր ազգերի մոտ պարբերաբար բերում են բավականին կոշտ դիմակայությունների, և դեռ լավ է, եթե ամեն ինչ ավարտվում է ձեռնամարտերով»:
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ պետք է լրջորեն զբաղվել այս խնդրով՝թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ համայնքային, և ոչ միայն. «Պետք է կարողանալ աշխատել նաև կոնկրետ երկրների հետ, կոնկրետ երկրների ղեկավարությունների հետ, քանի որ չաշխատելու դեպքում՝ ինքդ կարող է խնդիրներ ունենաս: Համենայն դեպս, որոշ երրորդ երկրների ղեկավարություններին կարող է դուր չգալ, որ իր փողոցները վերածվում են մարտի դաշտի. առանց այդ էլ աշխարհն այսօր այնքան բարդ է, և այնքան շատ են մուլտիկուլտուրիզմին առնչվող խնդիրները»:
Արդյո՞ք բախումները սահմանից դուրս կգան ու կվերաճեն լուրջ էթնիկ բախումների, ի՞նչ աշխարհագրություն կընդգրկեն ու ինչպիսի՞ ընթացք կստանան՝ հարցադրումներին ի պատասխան՝ Արմինե Ադիբեկյանը նշեց. «Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է. երբ տեղի են ունենում նման բախումներ, ինչ-որ զարգացումներ կանխատեսել հնարավոր չէ, որովհետև սա կարող է ցանկացած զարգացում ստանալ»:
Ադրբեջանագետն ընդգծեց՝ չպետք է թույլ տալ, որ կոնֆլիկտն առհասարակ դուրս գա տարածաշրջանից. «Դա Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության խնդիրն է, և Բելգիայում բնակվող կեղծ հայրենասերները չպետք է փորձեն ինքնահաստատվել՝ տասը հոգով մեկին ծեծելով: Եթե դրան կոնկրետ պատմություն է նախորդել, և կոնկրետ այդ տղան ինչ-որ բանով մեղավոր էր, նրան պետք է տասը հոգով տանեին հանձնեին իրավապահներին: 24 ժամը դեռ չէր լրացել Բելգիայի տեսահոլովակը հրապարակելուց հետո, արդեն Վրաստանում սկսեցին հայերի մեքենաներ այրել, Կիևում այրեցին հայերին պատկանող սրճարան, Մոսկվայում 4 դեպք է գրանցվել (այն, ինչ ադրբեջանցիներն են հրապարակել), որ անմեղ հայերին էլի քաշել-ծեծել էին խմբակային: Այսինքն, եթե ինչ-որ մեկին թվում է՝ ադրբեջանցի ծեծելը հայրենասիրության մեծ ապացույց է, սխալ է. դա հակահայկական դրսևորում է, որովհետև այդ հիմար արարքի պատճառով տուժում են ուրիշ անմեղ մարդիկ: Նման հայրենասիրություն չի լինում»:
Հարցին՝ արդյո՞ք նպատակին կծառայեն տարբեր երկրների աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչների կողմից հնչող զսպվածության կոչերը, Ա. Ադիբեկյանը պատասխանեց.
«Բացարձակապես ոչ՝ ինչպես դա տեղի է ունեցել վերջին 30 տարում: Այդ կոչերով մեզ խեղդեցին, բաց իրականում ոչինչ տեղի չի ունենում. այստեղ պետք է աշխատեն կոնկրետ երկրների իրավապահ մարմինները, որ բոլոր մեղավորներին դատապարտեն ու հետ ուղարկեն իրենց հայրենիք, որ գան իրենց հայրենիքում զենքը ձեռքին պաշտպանեն սահմանագիծը»: