Սուրեն Պապիկյանը պնդում է՝ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը հապճեպ որոշում չէ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատմանը և դրա համատեքստում ընդդիմախոսների քննադատությանը:

«Վերջին երկու օրերի ընթացքում հանրային տարբեր հարթակներում կամ հանրային տարբեր գործիչների կողմից տարբեր տիպի քննադատություններ են հնչել: Նշեմ, որ այս միտքը նոր չէ: Խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական գործողությունների մեջ, թող կարդան կառավարության ծրագիրը։ Մենք կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5-ամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ Դա սևով սպիտակի վրա գրված է:

Երկրորդ փաստաթուղթը Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ, իհարկե, ամեն ինչ պետք է կախված լիներ նրանից, թե հաջողվո՞ւմ է մեզ արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակն ավելացնել։

ԱԺ-ն շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։

Կարդացեք նաև

Այսինքն՝ խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ երբ շարքային զինծառայությունը մեկնարկում է, զինվորների պատրաստությունը տևում է 4.5-6 ամիս, որից հետո անցնում են հիմնական իրենց ծառայությանը, ինչը փորձի կուտակում է, և այս դեպքում էլ ասել, որ իրենք «խտացնելով պակասեցնում ենք նրանց փորձը, կամ սովորելու հնարավորությունը, նույնպես իրականության հետ մի աղերս չունի»:

Նշենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»:

Իսկ հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ քննարկում է ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել է, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից:

«Այսինքն՝ 2026-ի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն՝ կլինի մեկուկես տարի»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս