Թանկացումն այլևս իրողություն է. սպասենք հետևանքներին
Գազի գնի բարձրացումն այլևս իրողություն է։ Հուլիսի 19-ից գործողության մեջ մտան նոր սակագները։ Այս անգամ թանկացումը վերաբերում է միայն տնտեսությանը։
Սոցիալական լարվածության ֆոնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց շրջանցել բնակչության գազի սակագինը։ Այն մնաց անփոփոխ։ Բայց դա ընդամենը խաբուսիկ քայլ էր՝ հասարակության մոտ դժգոհությունների նոր ալիք չառաջացնելու համար։ Հատկապես այն ամենից հետո, ինչ ժամանակին խոստանում էին իշխանությունները՝ հանրային ծառայությունների սակագների հետ կապված։
Թեև բարձրանում է միայն տնտեսությանը մատակարարվող գազի գինը, այնուհանդերձ թանկացման բեռը կրկին կրելու են սպառողները։ Պարզապես այս անգամ դա լինելու է ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված ձևով։
Տնտեսության համար գազի գնի բարձրացումը բերելու է սպառողական բազմաթիվ ապրանքների թանկացման։ Թանկանալու են նաև ծառայությունները։ Ու այդ ամենի համար վճարելու են քաղաքացիները։
Սոցիալական լարվածության ֆոնին՝ սա ավելի է մեծացնելու ճնշումը՝ հանգեցնելով աղքատության խորացման։ Գազի սակագնի բարձրացումից հետո մարդիկ ստիպված են լինելու ավելի շատ վճարել նույն ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար, քան վճարում էին։ Դա տեղի է ունենալու եկամուտների համատարած նվազմանը զուգահեռ։
Արդեն այսօր Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են կրճատվել։ Քիչ է՝ այդ մարդիկ կորցրել են իրենց եկամուտները՝ հիմա էլ ստիպված են կրել գազի թանկացման բեռը։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ բնակչության համար գազի սակագինը մնացել է անփոփոխ։ Դրանից երևույթի էությունը չի փոխվում։
Ընդհակառակը՝ այն, ինչ կառավարության թելադրանքով արեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, լուրջ հարված է լինելու նաև տնտեսությանը։ Սա ոչ մի ձևով չի տեղավորվում տնտեսական քաղաքականության տրամաբանության մեջ։
Իբր թե փորձել են լավություն անել բնակչությանը։ Բայց ստացվել է այնպես, որ բնակչությունը դրանից ոչինչ չի շահելու, փոխարենը՝ տուժելու է նաև տնտեսությունը։
Այսպես թե այնպես՝ գազի թանկացման բեռը մնում է սպառողի վրա, սակայն մյուս կողմից՝ դա թուլացնում է տնտեսության մրցունակությունը։ Այստեղ դժվար է տնտեսական քաղաքականության տրամաբանություն գտնել։ Ընդամենը գործ ունենք հերթական պոպուլիզմի հետ, որից տուժելու են բոլորը՝ թե՛ բնակչությունը, և թե՛ տնտեսությունը։
Տնտեսության համար գազի սակագնի բարձրացումը բերում է ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի բարձրացման։ Սոցիալական վիճակի վատացման ու գնողունակության նվազման պայմաններում սրա հետևանքը լինելու է սպառման ծավալների անկումը, ինչը բնավ էլ տնտեսության օգտին չէ։
Ավելին, այն կարող է լրացուցիչ սոցիալական խնդիրներ առաջացնել՝ աշխատատեղերի կրճատման և աշխատավարձերի նվազման տեսքով։ Սպառման կրճատումը հանգեցնելու է տնտեսության եկամտաբերության անկման։
Ճգնաժամի պայմաններում գազի սակագնի բարձրացումը լուրջ հարված է տնտեսության համար։ Ճգնաժամի ժամանակ սովորաբար թուլացնում են տնտեսության բեռը, որպեսզի այն կարողանա հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այդ իրավիճակից։ Բայց մեզ մոտ հակառակն է։ Կառավարությունը ոչ միայն խուսափեց հարկային քաղաքականության գործիքներով թուլացնել տնտեսության բեռը, այլև մի բան էլ ավելացրեց՝ գազի սակագնի բարձրացման տեսքով։ Սրա հետևանքով տնտեսական ճգնաժամի խորացման հավանականությունը միայն ավելանում է։
Արտադրության ինքնարժեքի բարձրացումը հարվածելու է տեղական ապրանքների մրցունակությանը։ Դա արտահայտվելու է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շուկաներում։ Տուժելու է հատկապես վերամշակող արդյունաբերությունը։ Խնդիրն ավելի է սրվում՝ կապված ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկաներում սպառողական պահանջարկի անկման հետ։ Ամբողջ աշխարհում տեղի է ունենում մարդկանց եկամուտների նվազում, ինչը հանգեցնելու է պահանջարկի նվազման։
Հայկական վերամշակող արդյունաբերության համար սպառման դժվարությունները մեծանում են նաև հիմնական գործընկեր երկրների արժութային շուկաներում տեղի ունեցող զարգացումների հետևանքով։ Դա լրացուցիչ գործոն է արտաքին շուկաներում մեր ապրանքների մրցունակության կորստի համար։ Կառավարությունը պատրաստ չէ որևէ կերպ հակազդել դրան։
Գազի սակագնի բարձրացումը միշտ էլ ցավոտ խնդիր է եղել Հայաստանում։ Հասարակությունը նման երևույթներին շատ բուռն է արձագանքում։ Բայց դա չի նշանակում, թե մարդկանց աչքին թոզ փչելու համար կարելի էր գնալ մի ճանապարհով, որից բոլորը տուժող են դուրս գալու։
Տնտեսական իրավիճակը մեր երկրում առանց այդ էլ լավ չէ, հիմա հաստատ ավելի կվատանա։ Ու դա կլինի կառավարության «օգնությունը» տնտեսական ճգնաժամի խորացմանը։
Այդպես էլ չգտնվեցին հնարավորություններ՝ գազի սակագնի բարձրացումից խուսափելու համար։ Ավելի քան 1 տարի տևած բանակցություններն ավարտվեցին նրանով, որ թանկացումն այլևս իրողություն է. հուլիսի 19-ից սպառողը ստիպված է լինելու ավելի շատ վճարել օգտագործված գազի դիմաց։ Կապ չունի, որ գինը բարձրանում է միայն տնտեսության համար։
Գազի թանկացման այս փուլում հաջողվեց խուսափել հոսանքի սակագնի բարձրացումից։ Բայց դա խիստ ժամանակավոր է։ Հաջորդ տարվա սկզբից բախվելու ենք նաև այդ խնդրին, ու դժվար թե կարողանանք այս անգամ առանց սակագնային «կորուստների» դուրս գալ։
Առաջիկա մեկ ամսում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները ճշգրտելու վերաբերյալ հայտ կներկայացնի նաև ջրամատակարար ընկերությունը։ Ինչպես սովորաբար լինում է, ճշգրտումները հիմնականում սակագների բարձրացման ուղղությամբ են։
Սպասենք իրադարձությունների զարգացումներին, որոնք ամենևին էլ սպառողների օգտին չեն։ Նրանք այդպես էլ չտեսան հանրային ծառայություններն էժանացնելու՝ իշխանությունների տված խոստումների իրականացումը։ Փոխարենը՝ ստիպված են «վայելել» սակագների բարձրացման հետևանքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ