«Գյուղիցը դուս եկած չիմ». Չինարիին հավատարիմ Գառնիկ պապ

Չինարի գյուղի ամենատարեց բնակիչներից մեկը՝ 90-ամյա Գառնիկ պապը, սիրում է  իր տան դիմաց դրված մահճակալին  թիկնած նիրհել: Այս անգամ Գառնիկ պապի բախտը, կարելի է ասել,  բերել էր։  Երբ նախորդ շաբաթ ադրբեջանական զորամիավորումները հրետակոծում էին սահմանամերձ Չինարին, Գառնիկ պապը տանն էր քնած, արթնացել է հրետակոծությունների ձայնից ու զգացել է, որ տունը ցնցվում է:

«Ընդե պառկած էի, իմացա՝ տունը փուլ եկավ»,- սենյակի մահճակալը ցույց տալով՝ ասաց Գառնիկ պապը:

Չինարիում ծնված ու առ այսօր գյուղում ապրող Գառնիկ պապը հիմա հազիվ է լսում ու տեսնում: Երիտասարդ տարիքում հորական տնից տեղափոխվել  ու Չինարի գյուղի մեկ ուրիշ հատվածում կառուցել է իր տունը:

«57 թվին եմ եկել ստեղ: Ինչքան դժվարությամբ եմ տուն շինե»,- ասաց 90-ամյա Գառնիկ պապը:

3 տարի է, ինչ Գառնիկ պապը մենակ է ապրում: 3 տարի առաջ  մահացել է կինն ու նրան թողել մեծ տան ու այգու 8 ծառի հետ միայնակ: «Ղոչաղ ու մաքուր» կնոջ մասին հիշելով,  եկող գնացողին նրա մասին պատմելով՝ Գառնիկ պապն ասում է, թե հիմա արդեն իր օգնականները կատակասեր հարևաններն են, պապի համար էլ միշտ սուրճ են պատրաստում:

«Քինում եմ սրա տուն, քինում եմ էն մի հարևանի տուն, հաց եմ ուտում, թինկը տալի ու քնում ստե: Լավ են, լավ հարևաններ են, շատ լավը: Ա որ դու լավը ըլնես, իրանք էլ լավը կլինեն: Հողի սահմանին խոսաս ոչ, հող ա, էլի, ո՞վ ա հետը տարել, որ ես տանեմ»,- պատմում էր Գառնիկ պապը:

Գառնիկ պապը 90 տարեկանում, ինչքան ներում է ուժը, մշակում է հողը: Բայց ծառերի թուզը պապը քաղել չի կարողանում՝ լավ չի տեսնում:

«Բա կա՝ քաղի, ես կարող ա ասեմ՝ խի՞ ես քաղում: Աչքս տենում չի, 8 ծառ ունեմ»,- հարևաններին ասում է Չինարի գյուղի  90-ամյա բնակիչը:

Ու չնայած երեխաները  համոզում են թողնել տունն ու իրենց մոտ գնալ, Գառնիկ պապը հավատարիմ է իր տանն ու սիրելի գյուղից հեռանալու մասին չի էլ մտածում:

«Սիրում եմ գյուղը, գյուղիցը դուս եկած չիմ ես: Ո՞ւր քինամ գյուղից,- ասում է պապը՝ եկող-գնացողին հաջողություն մաղթելով,- Ի՞նչ ասեմ, քե մատաղ, ձեզ հաջողություն ըլի, առողջություն ըլի, մեծանաք, առողջ մեծանաք, ուրախ մեծանաք»:

Տեսանյութեր

Լրահոս