Էդմոն Մարուքյանը Տավուշի դեպքերի վերաբերյալ նամակ է գրել հայ-գերմանական ֆորումի նախագահին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր՝ հուլիսի 20-ին, հետևյալ բովանդակությամբ նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին։
«Մեծարգո պարոն Վայլեր,
Վստահ եմ, որ տեղյակ եք Հարավային Կովկասում վերջին օրերին ստեղծված անկայուն իրավիճակի մասին, ինչը Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունները պատերազմով փոխարինելու հերթական փորձն է: Ուզում եմ Ձեզ փոխանցել, որ 2020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 1994թ. հրադադարի համաձայնագիրը, սկսել է հրետակոծել Հայաստանի շրջաններից Տավուշի գյուղերը:
Հարձակման հետևանքով երկու կողմերից կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանը թիրախավորում է հատկապես քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում մանկապարտեզները և հիվանդանոցները: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն հայկական կողմին սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը ամբողջ տարածաշրջանի ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիք է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր բոլոր միջազգային գործընկերներին տեղյակ է պահում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ուժի կիրառման սպառնալիքների մասին: Հավատացած ենք, որ Գերմանիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար: Համոզված ենք, որ Դուք, որպես հայ-գերմանական ֆորումի նախագահ, կարող եք այդ գործում մեծ դեր ունենալ»: