10 մլն դրամ՝ Գյումրու կարկտախառն անձրևի հետևանքները վերացնելու համար

Գյումրու ավագանու որոշմամբ 10 մլն դրամ կհատկացվի հուլիսի 13-ի կարկտախառն անձրևի հետևանքները վերացնելու համար: Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստը տեղի է ունեցել ուրբաթ օրը, որոշվել է օգնություն տրամադրել 85 ընտանիքի՝ 50, 75, 100, 150 հազար դրամի չափով՝ կախված կրած վնասի չափից:

«Մինչև այս ուսումնասիրություններ էին իրականացվել, առանձնացվել էր ցուցակ:     7 մլն դրամն արդեն իսկ առկա ցուցակներով կբաշխվի բնակիչներին, 3 մլն-ի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանը կօգնի հետագայում մեզ դիմած բնակիչներին, քանի որ մինչև այսօր շարունակում են մեզ դիմել քաղաքի տարբեր հատվածների բնակիչներ՝ տնակային տնտեսություններից, սեփական տների բնակֆոնդից: Դիմում են տարբեր խնդիրներով՝ հիմնականում կաթոցներ, որ ջուրը հեղեղել է բնակարանները, և այլն»,- ասաց Առաքելյանը:

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակը վստահեցրեց, որ իրենց գնահատող հանձնաժողովն այցելել է բոլոր այն բնակարանները, որտեղից դիմել են իրենց, կամ ահազանգել են ԱԻՆ:

«Մեկ առ մեկ հարցնելով, թե ինչ վնասներ են կրել՝ փորձել են պարզել վնասների չափը, տիպը, որ ըստ այդմ համայնքը կարողանա իր աջակցությունն ունենալ իր ունեցած հնարավորությունների շրջանակում, իհարկե»,- ասաց խոսնակը:

Մեր հարցին, թե գումարն արդեն բաժանվե՞լ է, Սոնա Առաքելյանը պատասխանեց, որ գումարի բաժանման գործընթացը դեռ չի իրականացվել:

«Դա կիրականացվի՝ ըստ ընթացակարգի, առաջիկա երկու օրերի ընթացքում գումարը կսկսեն բաժանել բնակիչներին»:

Առաքելյանը նաև հայտնեց, որ 6 ընտանիքի բնակարան է հատկացվելու:

«Խոսքը սոցիալական բնակարանների մասին է: Գյումրու ավտոկայանի տնակային 104-րդ ավանում, որը համեմատաբար շատ էր տուժել, ուսումնասիրությունների ընթացքում առանձնացվել էր ինն ընտանիք: Գյումրու քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում կառուցված բնակարանների համար մենք ունեինք բաշխման հանձնաժողով, այդ 9 ընտանիքները ներկայացվեցին հանձնաժողովին, նրանք ևս ուսումնասիրեցին, տվեցին իրենց համաձայնությունը, ապա ներկայացվեց ավագանու նիստին, և սոցիալական 6 բնակարաններ՝ 2 հատ 2 սենյականոց և 4 հատ 1 սենյականոց, բաշխվեցին 6 ընտանիքի: Բնակարանի բանալիները դեռ չեն հանձնվել, բայց այդ պրոցեսը ևս ընթացքի մեջ է»:

Մեր ճշտող հարցին, թե ստացվում է, որ միայն 6 բնակարան այլևս ենթակա չէր ապրելու համար, Սոնա Առաքելյանն արձագանքեց.

«Ոչ թե 6 բնակարան էր, որ էլ բնակելի չէ, այլ ընդամենը 6 բնակարան կարող էր այս պահին Քաղաքապետարանը տրամադրել»:

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Գյումրիում մոտ մեկ ժամ  տևողությամբ կարկտախառն և հորդառատ անձրևից հետո սոցիալական ցանցերում լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես են մեքենաները գրեթե ամբողջությամբ մնացել ջրի մեջ: Հուլիսի 14-ին ասուլիսի ժամանակ  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ, որ ամեն ինչ անելու են՝ բնակչի կողքին կանգնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս