«Մեքենան չէր երևում սառույցների տակից». Գյումրու քաղաքապետը՝ երեկվա հորդառատ անձրևի և կարկուտի մասին
«Աննախադեպ էր երևույթը, աննախադեպ էր ջրի քանակը». այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքներին: Երեկվանից սոցցանցերում նկարներ են տարածվում, թե ինչպե՞ս են մեքենաները գրեթե ամբողջությամբ մնացել ջրի մեջ:
«Քանի որ բոլորին շատ հետաքրքրում է ոչ ճիշտ ջրահեռացման համակարգը, ես այսօր հիդրոմետ ծառայությունից տվյալներ վերցրի: Ըստ ստատիստիկայի՝ հուլիսին պետք է լիներ 46 մմ տեղումներ, բայց մեկ օրվա ընթացքում եղել է 81 մմ: Շատ հետաքրքիր է, որ 170 տարի իրենց ընդհանուր գործունեության մեջ առաջին աննախադեպ երևույթն էր: Ինձ համար նույնպես աննախադեպ երևույթ էր, որովհետև վերջերս քաղաքում բնակվել եմ, և այս իրավիճակը երբեք չենք տեսել»,- ասաց Բալասանյանը:
Գյումրու քաղաքապետը հայտնեց, որ հորդառատ անձրևը սկսվել է ժամը 16:00-ից և տևել է մոտ մեկ ժամ, ինչից հետո անձրևն ավելի մեղմ, բայց շարունակվել է, ինչը դժվարացրել է ջրահեռացման աշխատանքը: Բալասանյանի խոսքով՝ այն փողոցներում, որոնք անցած տարի են կառուցվել, յուրահատուկ էր ջրահեռացման համակարգը: Բալասանյանը երեկ անձրևից հետո շրջել է քաղաքի փողոցներով և վստահեցնում է, որ այն, ինչ տեղի է ունեցել, աննախադեպ էր:
«Երբ ջուրը հեռացավ, բոլորիս համար զարմանալի էր, որ չէր կարող նման երևույթ տեղի ունենալ, բայց ունեցավ, մեքենան չէր երևում սառույցների տակից, ես ման եկա քաղաքում և համոզվեցի, որ նաև նույնիսկ էն տարբեր նրբացքներից, փողոցներից, որոնք ասֆալտապատ չէին, ինչ-որ շիբին կամ տարբեր տեսակի աղբեր չէր բերել փողոցներ, սա նույնպես շատ կարևոր էր, քանի որ էնտեղ ունեինք ընդամենը 10 մետր, ամեն նրբանցքի փողոցի վրա ասֆալտապատում կար, որտեղ կուտակվել էր»,- ասաց քաղաքապետը:
Սամվել Բալասանյանի խոսքով՝ տեղի ունեցածն անհանգստացրել է բոլորին, հատկապես բնակչությանը, տնակների բնակիչներին:
«Շատ ծանր էր դեպքը ավտոկայանի հետ կապված, այնտեղ գետակի հետ կապված: Բնակիչներին մեր հորդորներին, որ աղբը չնետեն գետակների մեջ, ինչը նեղացնում է հունը, և երբ ջրառատ տեղումներ են լինում, բարձրանում լցվում են տնակների մեջ»,- ասաց Բալասանյանը:
Գյումրի քաղաքապետն ասաց, որ գետակի հատվածը համարում է «Գյումրիի կույրաղիքը»: Մեր տեսախցիկը մինչև ասուլիսը ֆիքսել էր, որ ավտոկայանի հետևի հատվածում գտնվող շինություններում մարդիկ անգամ սեփական ուժերով են փորձել ջրից մաքրել տարածքը, և, որ այնտեղ դեռ էլեկտրաէներգիա չկա:
«Երեկ մենք թրթուրավոր տրակտորով մտել ենք գետը և լայնացրել հունը: Կոմունալով օգնում ենք, ամեն ինչ անելու ենք, որ կանգնենք մեր բնակչի կողքին, եթե այսօր համայնքը չպետք է կանգնի, ո՞վ պետք է կանգնի, եթե նույնիսկ գումար ունենք, դա էլ չպետք է խնայենք, որ էս իրավիճակից բխող խնդիրներին լուծում տանք: Միայն այդ հատվածում է, որ էլեկտրաէներգիան չի վերականգնվել, մինչև երեկո կվերականգնվի»,- ասաց քաղաքապետը:
Սամվել Բալասանյանը տեղեկացրեց նաև, որ այսօր խորհրդակցություն են ունեցել և մինչև ժամը 17:00-ն փորձելու են հավաքագրել բոլոր տվյալները, թե ի՞նչ վնասներ են կրել՝ կապված սեփական տների, տնակների, փողոցների, բազմաբնակարան շենքերի հետ, այնուհետև հասկանալ, թե ինչո՞վ կարող են բնակիչներին օգնել:
«Կամրջի հետ կապված՝ տեսաք, թե ինչ վիճակ էր, խցանում էր եղել, սառցաբեկորները եկել խցանել էին, մեր կոմունալի, ԱԻՆ-ի, շահագրգիռ մեր քաղաքացիների հերոսական ջանքերով կարողացանք բացել: 5 կետ կա: Շիրակացի փողոցի վիճակը ծանր է, որովհետև Մայիսյանից հոսող ջրերը գալիս են, հասնում են Ջիվանի փողոց, Երիտասարդական պալատի հատվածը, որն ամենացածր կետն է, բայց Շիրակացու ջրահեռացումը մենք հիմա չենք կարող ունենալ, քանի որ այնտեղ դեռ ջրաանցկացման, խմելու ջրի անցկացման խնդիր ունենք, երբ սա լուծենք, կլուծենք նաև ջրահեռացման հարցը»,- ասաց Բալասանյանը:
Քաղաքապետը վստահեցրեց, որ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու են բնակիչներին օգնելու համար.
«Հրավիրելու եմ ավագանու արտահերթ նիստ, նույնիսկ ցույց ենք տալու ֆինանսական օգնություն, բայց ուսումնասիրենք՝ հասկանանք և դրանից հետո կարողանանք ներկայացնել ավագանու նիստին, դրա համար հիմա պետք չի շտապել: Եթե մարդն այլևս չի կարող այդտեղ ապրել, Քաղաքապետարանի համապատասխան բաժինները կմտածեն, թե ինչ հնարավորություն ունենք օգնելու, եթե մեր ուժերից վեր լինի, կդիմենք Կառավարությանը, պարոն Պապիկյանի հետ խոսել եմ արդեն»:
Քաղաքապետը փոխանցեց, որ տուժել է 3 մեքենա, այն էլ այն պատճառով, որ վարորդը ռիսկի է դիմել և մտել է ջրի մեջ, սակայն անհրաժեշտության դեպքում, եթե քաղաքացին դիմի, այդ հարցերը ևս կներառեն ավագանու նիստի օրակարգում:
«Վաղն առավոտ մեր քաղաքը երևի կլինի գեղեցիկ վարդերով, գեղեցիկ ծաղիկներով քաղաք»,- եզրափակեց քաղաքապետը: