Կատալոնիայում բողոքի ակցիա է անցկացվում Իսպանիայի թագավորի այցի դեմ
Կատալոնիայի իսպանական ինքնավար հանրակցության անկախության կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել միապետության եւ պետության ղեկավար Ֆելիպե 6-րդ թագավորի՝ տարածաշրջան այցի դեմ:
Ֆելիպե 6-րդը եւ նրա տիկինը՝ Լետիսիա թագուհին, հուլիսի 20-ին Պոբլետի միաբանություն (Տարագոնայի նահանգ) են այցելում երկրում իրենց ուղեւորության շրջանակներում:
Առավոտյան անկախության կողմնակիցները հավաքվել էին Էսպլուգա դե Ֆրանկոլի մունիցիպալիտետում, որը գտնվում է վանքից երեք կիլոմետր հեռավորության վրա, եւ այնտեղ ուղեւորվել շարասյունով՝ «Կատալոնիան թագավոր չունի» կարգախոսի ներքո: Նրանք չեն կարողացել անմիջապես վայրին մոտենալ. ճանապարհը կտրել են իրավապահ մարմինները:
Լուսանկարներում եւ տեսանյութերում, որոնք անկախությունը պաշտպանող տարբեր կազմակերպություններ տարածում են սոցցանցերում, երեւում է, որ բազմաթիվ ցուցարարների ձեռքին կան Էստելադներ՝ անկախության ոչ պաշտոնական դրոշներ:
Նրանք վանկարկում են «Անկախություն» եւ երգում Կատալոնիայի հիմնը: «Բուրբոնները ժամանում են Կատալոնիա եւ ստիպում փակել Պոբլետի միաբանությունը:
Նրանք գիտեն, որ մեր փողոցներում իրենց չեն սպասում: Տապալենք գահը»,-ասվում է Ձmnium Cultural հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ, որը դարձել է երթի կազմակերպիչներից մեկը:
Հենց նա է հանդես եկել կատալոնական տարբեր մունիցիպալիտետներում անցկացվող ակցիաներից մեկի նախաձեռնությամբ: Մասնակիցները փողոցներում եւ հրապարակներում հսկայական պլակատներ են ներկայացնում գահի պատկերով եւ «Տապալենք այն» մակագրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: