Էմիրաթական «Հույսի զոնդը» մեկնարկում է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը
Ճապոնիայի «Տանեգաշիմա» տիեզերական կենտրոնից «H2A» արձակման հրթիռի միջոցով ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակն հուլիսի 20-ին մեկնարկել է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը։ Նախատեսվում է, որ մեկնարկից մեկ ժամ անց արբանյակը կառանձնանա հրթիռից, որից րոպեներ հետո կսկսեն գործել արեգակնային վահանակները, այնուհետև մոտավորապես 15-20 րոպե անց, տեղի կունենա առաջին կապի հաստատումը Մուհամմադ բին Ռաշիդ տիեզերական կենտրոնում գտնվող ցամաքային կառավարման կենտրոնի հետ, իսկ կենտրոնի տեխնիկական թիմը կսկսի վերլուծել արբանյակից ստացված տվյալները:
Ակնկալվում է, որ արձակումից 28 օր անց կսկսեն գործել զոնդի շարժիչն ու ուղորդման համակարգը՝ այն Մարսի ուղեծիր ուղարկելու համար։
«Հույսի զոնդը», որը համարվում է կարմիր մոլորակն ուսումնասիրելու առաջին արաբաիսլամական առաքելությունը, Մարս կհասնի 2021 թ․-ի փետրվարին՝ ԱՄԷ-ի կազմավորման հիսուներորդ տարեդարձի տոնակատարությունների ժամանակ՝ 7 ամսվա ընթացքում անցնելով 493 մլն կմ տարածություն։
Հատկանշական է, որ Էմիրությունների տիեզերական գործակալությունը և «Մուհամմադ բին Ռաշիդ» տիեզերական կենտրոնը հայտարարել են, որ Դուբայի «ալ Խավանեժ» ցամաքային հսկիչ կայանն ընդունել է զոնդից ստացված առաջին հեռարձակման ազդանշանը տեղական ժամանակով 03:10-ին:
Կենտրոնում աշխատանքային թիմը ներկայումս անցկացնում է ստացված տվյալների նախնական վերլուծություն՝ համոզվելու, որ զոնդի վիճակը և արևային վահանակների դիրքը համապատասխանում են նախատեսվածին։
«Ալ Խավանեժ» ցամաքային հսկիչ կայանի աշխատանքային թիմը հետևում է նաև զոնդի վիճակի վերաբերյալ բոլոր թարմացումներին, տվյալներին և կոորդինատներին՝ համոզվելու, որ դրա բոլոր գլխավոր և երկրորդական համակարգերն անվնաս են։
Հարկ է նշել, որ զոնդի արձակման նախապատրաստական վերջին փուլում առաջացել են մի շարք դժվարւթյուններ և խոչընդոտներ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի տարածման հետ։ Ծրագրի աշխատանքային թիմը ստիպված է եղել օրական 24 ժամ աշխատել՝ ավարտելու ծրագրի բոլոր տեխնիկական պատրաստությունները և ապահովելու զոնդի անվնաս փոխադրումը Ճապոնիայի տիեզերական գործարկման կայան։
Ցամաքով, ծովով և օդով 83 ժամ տևած ճանապարհորդությունից հետո հասնելով Ճապոնիայի «Տանեգաշիմա» տիեզերական կենտրոն՝ «Հույսի զոնդը» ենթարկվել է բարձր ճշգրտության գործարկման փորձարկումների և նախապատրաստական աշխատանքների, որոնք ներառում էին շարժիչի փորձարկումից և վառելիքի լիցքավորումից մինչև էլեկտրահաղորդման, կապի, կառավարման, ջերմային և ծրագրային համակարգերի ստուգում:
Զոնդի առանձնանալը հրթիռից որակական կարևոր քայլ էր, որի նախապատրաստմանը մասնակցել է ավելի քան 200 էմիրաթցի ինժեներ։
Զոնդը Մարսի ուղեծրում կմնա մեկ մարսական տարի (687 օր) և կիրականացնի իր տեսակի մեջ առաջին գիտական առաքելությունն աշխարհում՝ ներկայացնելով ողջ տարվա ընթացքում Մարսի կլիմայական պայմանների առաջին համապարփակ պատկերը, ինչպես նաև ուսումնասիրելով մթնոլորտի վերին շերտի անհետացման պատճառները և դիտարկելով Մարսի մակերևույթի եղանակային երևույթները՝ ներառյալ փոշու փոթորիկների դիտարկումը, ջերմաստիճանի փոփոխությունները և դրանց պատճառների հայտնաբերումը:
Ստացված գիտական տվյալները կհավաքվեն Արաբական Միացյալ Էմիրությունների գիտական տվյալների կենտրոնում, իսկ ԱՄԷ-ի գիտական թիմը դրանք ինդեքսավորելուց և վերլուծելուց հետո անվճար հիմունքներով կփոխանցի աշխարհի տարբեր մասերում գտնվող գիտնականներին և մասնագիտացված հետազոտողներին:
«Հույսի զոնդի» ճամփորդության մեկնարկը հետաձգվել էր երկու անգամ Ճապոնիայում անկայուն եղանակային պայմանների պատճառով։