«Նախիջևանյան կողմից Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ գործողությունների նպատակներ միգուցե ունեն, սակայն ծրագրման մասին վաղ է հստակ հայտարարություն անելը». Արծրուն Հովհաննիսյան

Երեկ գիշերը նորից անցել է համեմատաբար հանգիստ, մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում, մասնավորապես, Տավուշի մարզի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ հիմնականում անկանոն կրակ է վարվել, որոնց մեծ մասի դեպքում հայկական ուժերը պատասխան կրակ չեն արձակել:

Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Եղել են նաև այլ մարզերում՝ այլ բանակային կորպուսների  ուղղությամբ կրակոցներ, մասնավորապես՝ Ճամբարակի, օգտագործվել է ավտոմատ նռնականետ: Դիպուկ կրակոցներին ՀՀ զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով, արդյունքում՝ լռեցրել»,- նշեց նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վիճակին՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ նրանց  վիճակն անփոփոխ է, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Իսկ թե ինչ տվեցին  ՀՀ զինված ուժերին հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունները, և դրանցից ինչ միջանկյալ հետևություններ արվեցին, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետը շեշտեց՝ առաջին հերթին փայլուն հաղթանակ տվեցին ՀՀ ԶՈՒ-ին:

«Բայց կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական և զինվորական կառավարման համակարգի աշխատանքի հղկվածության, կայացման, զարգացման, բոլոր այս առումներով մենք ունեցանք աճ, բարձրացում: Եվ  չնայած մարդկային ցավալի կորուստներին, նյութական որոշակի ավերածություններին,  մեր ոգին, կամքը, վճռականությունն ավելի ամրապնդվեց»,- լրացրեց Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին՝ որքանով է մեծ էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին լայնածավալ գործողություններ է ծրագրում նախիջևանյան կողմից, ռազմական վերլուծաբանը նշեց՝ միգուցե նպատակներ ունեն, սակայն վաղաժամ է հստակ հայտարարություններ անել դրանց ծրագրման մասին:

«Ամեն դեպքում, ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ամբողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»,- ընդգծեց ՀՀ ՊՆ նախկին խոսնակը:

 

Տեսանյութեր

Լրահոս