«Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը մշակվում է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից. ՀՀ-ն բանակցություն չի վարում անձերի հետ». Աննա Նաղդալյան

Ադրբեջանի՝  Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու սպառնալիքը ՀՀ-ն դիտարկում է որպես պետական և միջուկային անվտանգություն, ինչպես նաև` ցեղասպան մտադրությունների արտահայտում. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ըստ նրա` մի կողմից Ադրբեջանը մտավախություն է հայտնում ՀՀ ատոմակայանի հետ կապված, թե հնամաշ է, անվտանգ չէ, սեյսմիկ գոտում է, մյուս կողմից` ինքն է հայտարարում դրա ոչնչացման մասին:

«Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ադրբեջանի, այսպես կոչված, մտավախությունները տարածաշրջանի մասին կրում են խիստ հակահայկական բնույթ»,- նշեց նա:

Նաղդալյանը շեշտեց` ՀՀ-ն միշտ հանդես է գալիս պատերազմի դեմ, հրադադարի ամրապնդման դիրքերից և պատրաստ է դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկել տարբեր հատվածներում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարի փոփոխությանը բանակցային գործընթացի վրա, ՀՀ ԱԳՆ խոսնակը նշեց` ելնում են այն իրողությունից, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը մշակվում է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: Այսինքն `ՀՀ-ն բանակցություն է վարում ոչ թե անձերի, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս