Ինչու այս օրերին չեն օգտվել ՀՀ-Ադրբեջան օպերատիվ կապից. պարզաբանում է Աննա Նաղդալյանը
ՀՀ ԶՈւ ՀՕՊ կողմից խոցվել է նաև իսրայելական Ադրբեջանի անօդաչու թռչող սարք, ըստ այդմ` ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի մարտավարությունն Իսրայելի հետ հարաբերություններում: Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ իրեն ուղղված այս հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ հարցն առավել լայն համատեքստում են դիտարկում` սպառազինության մրցավազք և տարածաշրջան զենքի վաճառք:
«ՀՀ ԱԳՆ-ն շատ զգայուն այդ հարցը բարձրացնում է և՛ երկկողմ, և՛ միջազգային հարթակներում։ Խնդիրն այն է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում՝ այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում։ Հուլիսի 12-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները բավական հարստացրեցին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները։ Մենք հետամուտ ենք լինելու այս հարցին և այն լինելու է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում մեր օրակարգի բաղկացուցիչ մասը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապի գործելուն, ԱԳՆ խոսնակը պատասխանեց` օպերատիվ կապը գործում է:
«Բայց, հաշվի առնելով իրադրության վերջին սրումը, որը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ՝ աշխատանքներ իրականացնել միջնորդների միջոցով», – նշեց Աննա Նաղդալյանը։