«Թուրքիան չի կարող որևէ դեր, առավելևս` պատմական առաքելություն ունենալ ո՛չ ԼՂ հակամարտությունում, ո՛չ էլ տարածաշրջանում». Աննա Նաղդալյան
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Քերեմ Մուստաֆաևի և Ռամիզ Թաիրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե իրենց անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են: Ավելին, տեղեկություններ եղան, որ թուրքական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել Ադրբեջան, ըստ երևույթին, ռազմական միջոցներ է տեղափոխել:
Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով նշվածի վերաբերյալ ՀՀ արձագանքի մասին հարցին, ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ՀՀ ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք` հայտարարությունների ձևով:
«Վերջին հայտարարությունն արժանացել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ի նյարդային արձագանքին: Թուրքիան չի կարող որևէ դեր, առավելևս` պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում: Թեպետ տարածաշրջանում Թուրքիան արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որը պիտի Թուրքիան իրականացնի, դա դրա հետևանքների վերացումն է:
Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր նախաձեռնություններում»,- շեշտեց Նաղդալյանը` հավելելով, որ այս գործընթացում առավել կարևորում են միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որն ուղղված է լարվածության թուլացմանը: