«Ադրբեջանի միջոցով Թուրքիան փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է 1915թ.». Լարիսա Ալավերդյան
«Ամեն օր մեզ Ադրբեջանից ուղարկում են տարբեր ուղերձներ՝ բոլոր այս տարիներին: Այս 2 տարիների ընթացքում կան առանձնահատկություններ, բայց պետք է հստակեցնենք, որ Ադրբեջանն ունի ռազմավարական նպատակ՝ ամբողջովին հայությանը ոչնչացնել կամ դուրս մղել այս տարածաշրջանից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա ընդգծեց. «Ադրբեջանը 1918-20թթ. ստեղծվել է Թուրքիայի կողմից՝ Ցեղասպանությունը շարունակելու նպատակով: Ադրբեջանի միջոցով Թուրքիան փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է 1915թ.: Մենք պետք է հասկանանք, որ դա այն հիմնական ուղին է, որից չի կարող շեղվել Ադրբեջանը»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ նորանկախ Հայաստանի հանդեպ Ադրբեջանը չի փոխել իր այդ դիրքորոշումը. «Մանավանդ, որ մեր առաջին նախագահի և իր թիմի կողմից նախ և առաջ Արցախի հարցում որդեգրվել է այնպիսի մոտեցում, որը, կներեք, գրեթե հրավեր էր Ադրբեջանին՝ հարձակվելու նախ և առաջ արցախահայության վրա»:
Հիմա, նրա խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է այն պարզ իրավիճակից, որ այդպես էլ չհստակեցվեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի Ժնևի պայմանավորվածությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Լարիսա Ալավերդյանն այս հայտարարության վերաբերյալ ասաց, որ դա հայտարարությունն անողի ինտելեկտուալ հետամնացության մասին է խոսում.
«Թողնել դա զուտ այն ենթադրությանը, որ նա ունի ինտելեկտուալ խնդիրներ… դա հստակ սպառնալիք է: Դրանով խախտվում է ՄԱԿ-ի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ նա սպառնում է, և սպառնում է այնպիսի օբյեկտի վրաբերյալ, որը համաշխարհային մակարդակով վտանգ է ներկայացնում: Երրորդ՝ դա հանցագործություն է, որի մասին արդեն ծրագրում և հայտարարում են, բայց դեռ չեն իրականացրել»:
Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ պետք է անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. «Այնպես չլինի, որ մենք 2016թ. ապրիլի նման ուշացնենք, երբ Ադրբեջանը սպասեց 5 օր, և ամսի 7-ին ինքը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, լկտիաբար գրավոր հայտարարեց, որ Հայաստանը հարձակվել է իր վրա: Ալամ աշխարհը գիտեր, որ այդպես չէ, բայց նա դիմել է, իսկ եթե գրավոր դիմումը կա, պետք է դրան արձագանքեն: Ես կոչ եմ անում անհապաղ գրագետ դիմում կազմել և դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ մենք ունենք առնվազն 3 անդամ պետություններ, որոնք համանախագահներ ունեն ՄԽ-ում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում