Բաժիններ՝

«Սարգիս Քլոյանը թող հասկանա՝ տիկին Մարգարիտան իրենից ներողություն չի խնդրելու, ես՝ առավել ևս». «Մեզ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար

Դեռևս նախորդ տարվա հունվարի վերջին մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դատի էին տվել «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթենիկ Խլղաթյանին:

Ըստ հայցի պահանջի, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները պահանջում են, որպեսզի Մարգարիտա Խաչատրյանը և Սաթենիկ Խլղաթյանը ներողություն խնդրեն իրենց հայտարարության համար։

Ըստ իրավահաջորդների, հասարակական կազմակերպությունների ղեկավարները  հայտարարել են, թե մարտի 1-ի զոհերը դուրս էին եկել՝ փողոցային թալան իրականացնելու, իշխանակռիվ տալու համար:

168.am-ի հետ զրույցում Սաթենիկ Խլղաթյանն ասաց, որ դատական առաջին նիստը տեղի է ունեցել հուլիսի 15-ին, սակայն հայցվոր կողմը դատական նիստին չէր ներկայացել, ուտի նիստը հետաձգվել է և տեղի կունենա օգոստոսի 19-ին։

«Ես հետո նկատեցի, որ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, տեսանյութ էր հրապարակել տվել, որ իբրև ինքը դատի չի տվել ինձ՝ սուտ, քանի որ այդ դատական ծանուցագիրը ես արդեն տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում։ Նրանք դատին չէին եկել, իրենց փաստաբանն էլ չէր եկել»,- նշեց Ս. Խլղաթյանը։

Ըստ նրա, Սարգիս Քլոյանը հայտարարել է, որ իրենից պետք է ներողություն խնդրեն, այլ հատուցում չեն ուզում, սակայն թե՛ ինքը, թե՛ Մարգարիտա Խաչատրյանը չեն պատրաստվում ներողություն խնդրել։

«Ապշած եմ, ուղղակի տեղս չեմ կարողանում գտնել, ո՞ւմից պետք է ներողություն խնդրենք, ինչի՞ համար։ Ներողություն պետք է խնդրեմ այն բանի համար, որ ես իր որդուն մեծարե՞լ եմ, մեղք ունե՞մ, որ ինքը գումարը վերցրել է, որ գնա Ռոբերտ Քոչարյանի դատին մասնակցի ու պախարակի, ես մեղք ունե՞մ դրա համար։ Մեր ասածն այն է եղել, որ իրենց չպետք է 30 մլն դրամ տային, ինչի են տվել։ Այդ մարդն այնքան անպարկեշտ է, որ ասում է, թե այդ 30 մլն-ը կտանի ու կշպրտի տիկին Մարգարիտայի բերանին, տիկին Մարգարիտայի տղան հերոս է, իսկ ինքն ո՞վ է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց, որ այս հայցը դատարանը պետք է նույնիսկ վարույթ չընդուներ, ուստի կարծում է, որ հաջորդ դատական նիստի ժամանակ գործը կկարճվի, քանի որ հայցի մեջ որևէ հիմնավորում չկա։

«Պետք է ամաչեին, որ մեր դեմ նման հայց են ներկայացնում, պատերազմի ժամանակաշրջանում զոհվածների ծնողներին հրավիրում են դատարան, որպեսզի ներողություն խնդրեն՝ ամոթ է։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է, որ միայն Սարգիս Քլոյանն է ասպարեզում, միայն նա է խոսում, բոլորի հասցեին ամպագոռգոռ հայտարարություններ է անում։

Երկար տարիներ աշխատում եմ զոհված ազատամարտիկների ընտանիքների խնդիրներով, երբևիցե չեմ հանդիպել նման վերաբերմունքի։ Նույնիսկ, եթե որևէ հարցում մեզ մերժել են, շատ կոռեկտ հրավիրել են իրենց մոտ, լինի Կառավարությունը թե Պաշտպանության նախարարությունը, մեզ թույլ չեն տվել, որ կանգնենք պատերի տակ։ Իմ որդին այս պահին դիրքերում կանգնած է, անհանգիստ վիճակում եմ, շատ վատ զգացի, որ մեզ հենց այդ օրը կանչեցին դատարան։ Քլոյանը թող հասկանա, որ տիկին Մարգարիտան իրենից ներողություն չի խնդրելու, ես՝ առավել ևս։ Նա շատ փոքր մարդ է, որ տիկին Մարգարիտան իրենից ներողություն խնդրի, նույնիսկ չերևացող, թող ինքն ու իր նման խոսացողները գոնե մեկ ժամ ապրեն տիկին Մարգարիտայի կյանքը»,- շեշտեց Սաթենիկ Խլղաթյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս