«Երբևէ չի եղել այնպես, որ մեր զինծառայողները լինեն սոված կամ սննդի կարիք ունենան, առավել ևս՝ մեր առաջնագծի զինծառայողները». Դավիթ Ջամալյան
Երեկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը «Առաջին» լրատվականին տրված հարցազրույցում անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, և հարցին, թե այս ռազմական գործողությունն ինչով է տարբերվում ապրիլյան մարտական գործողություններից, պատասխանել էր, թեայժմ սահմանը սպառազինված է, զինվորը՝ խնամված… ոչ մեկի գործը անտես չի մնում։ Հետևաբար՝այս ամենը հանդարտություն է պարգևում։
«Հիմա եթե ջահելներն ուզում են գնալ սահման, ոչ թե նասկի կամ ուտելիք տանելու, այլ գնալու ընդամենը սատար կանգնելու համար, խոսքիս մեջ սարկազմ չկա։ Ես պետք է խոսեմ ոչ միայն իմ, այլև մեր հանրության անունից։ Թերթի այսօրվա խմբագրականում անդրադարձել եմ այդ ցավոտ թեմային։ Երկու ամիս առաջ կրկին գրել էի, որ այսօր մենք ստիպված ենք պայքարելհամաշխարհային մարտահրավեր՝ պանդեմիայի, արտաքին թշնամու և ներքին խմբակի, ուրիշ բան չեմ կարող ասել, այլ բան չեմ կարող ասել այդ խմբակի մասին, որովհետև եթե նույնիսկ իրենք ասեն, որ իրենք 100 հազար են, իրենք խմբակ են։
Այս ուրբաթ ես ասացի, որ կողքի եմ դնում հրապարակախոսի, գրողի բառի նկատմամբ ակնածանքս և զուտ քաղաքացու իմ զայրույթով ես նրանց անվանում եմ թշնամի և դավաճան։ Որովհետև ես այլ կերպ որակել չեմ կարող։ 2016 թվականից առաջ եղել էր մարտի մեկը, և հասարակության հսկայական մի հատված բռնադատված, ծեծված, սպանված, մեծ մասի համախոհները արդեն դրսերում, այդ վիրավորանքը մեր մեջ, բայց մենք ինչ արեցինք։ Այն ընդդիմությունը, որին օրը ցերեկով ոչնչացրել էին, կամ փորձում էին ոչնչացնել… Երբեմն ես ոմանցբարբաջանքները որ կարդում եմ, ասում եմ, գուցե աղոթեմ սրանց երեխաների համար, որովհետև որ իրենց անիծում են, կարման կարող է իրենց չկպնել, իրենք արդեն սատանայի բաժին են, Աստված չանի՝ իրենց երեխաներին հասնի։ Այսօր ես Ֆեյսբուքում կարդացի մի տղայի գրառում, որ այն նույն դիրքերում, որտեղ հիմա առաջ են գնացել ու նոր դիրք են գրավել, իրենք սոված են եղել, ասում է՝ հաց ու տոմատ էինք ուտում, նույն բենզինի պակասը՝ ես գիտեմ ինչ է եղել։
Հիմա գնացել տեսել են, թե այնտեղ ինչ վիճակ է։ Տնաշեներ, ավերել քանդել էինք երկիրը՝ երկրից մինչև բանակ, բանակից մինչև երկիր 800 հեկտարը տվեցիք, անպետք հող համարեցիք, ինչ ասես արեցիք, գոնե հիմա սուս մնացեք»,- կայքի հեռուստահարցազրույցում ասել էր Կարինե Խոդիկյանը, որը, ի դեպ, 2004-2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ Մշակույթի և երիտասարդության, ապա նաև Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը։
168.am-ը ռազմական փորձագետ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախկինում դիրքերում եղել է ժամանակաշրջան, երբ զինվորները սննդի հետ կապված խնդիրներ ունենան և ստիպված տոմատ ու հաց ուտեն։
«Ինքս այդ հայտարարությանը ծանոթ չեմ, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի։ Երբևէ չի եղել այնպես, որ մեր զինծառայողները լինեն սոված կամ սննդի կարիք ունենան, առավել ևս՝ մեր առաջնագծի զինծառայողները սննդի խնդիր չեն ունեցել։ Անգամ 90-ականներին առաջնագծի մատակարարումները եղել են նորմալ։ Նման հայտարարություններ անողները թող հստակ նշեն, ե՞րբ, ո՞ր զորամասի պարագայում ի՞նչ է եղել, և պատկան մարմինները զբաղվեն, թե հայտարարություն անողի տվյալները իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։ Ի վերջո, թող կոնկրետացնեն, թե ե՞րբ ու ո՞ր զորամասում ինչ խնդիր է եղել։ Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թող պատկան մարմինները այդ զորամասերի պատասխանատուներին ենթարկեն պատասխանատվության։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ, եթե ոչ՝ հերյուրանքի։ Այսինքն, եթե մարդն իրեն թույլ է տալիս ինչ-որ տեղեկություն հրապարակել, ապա այն ավտոմատ պետք է ընկալվի՝ որպես հանցագործության մասին հաղորդում, որից հետո իրավապահները դրանով զբաղվեն։ Մենք էլ միայն ուրախ կլինենք, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտվում են, որովհետև բանակի ներսում կոռուպցիան թշնամություն է՝ ոչ պակաս, քան ադրբեջանաթուրքական թշնամությունը»,- ասաց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ բանակը դինամիկ զարգացող կառույց է, սկզբում եղել են դժվարություններ, որոնք աստիճանաբար հաղթահարվել են։ Նա ցավով արձանագրեց, որ նմանօրինակ հայտարարությունները նախկինը վարկաբեկելութրենդի համատեքստում է արվում, ինչը շատ վտանգավոր է։
«Ի վերջո, մենք պետք է հասունություն ունենանք և հասկանանք, որ պետական շինարարությունը, այդ թվում՝ նաև բանակային շինարարությունը, ունի էվոլյուցիոն բնույթ, երբ քարը քարին է դրվում, երբ հաջորդ իշխանությունն իր գործողություններում հենվում է նախորդ շրջանի ձեռքբերումների վրա։ Երբ նախորդ շրջանի ձեռքբերումները հանդիսանում են այն նախադրյալը, որն ապահովում է հաջորդ իշխանության օրոք ձեռքբերումը։ Եթե մենք չհրաժարվենք այս ամբողջ նախկին շրջանում տեղի ունեցած ամեն ինչը մրոտելու, սևացնելու շատ վտանգավոր թրենդից, իսկապես որպես կայուն, կենսունակ պետություն՝ չենք կայանա»,- շեշտեց ռազմական փորձագետը։
Նա նաև հավելեց, որ հնարավոր չէ վարկաբեկել անցյալը ու այդ կերպ ապահովել կայուն զարգացում։ Հանրային հիշողության մեջ պետական շինարարությունը պետք է ունենա շատ հստակ էվոլյուցիոն բնույթ։
«Ամփոփելով՝ ասեմ՝ երբևէ հայ զինվորը ոչ միայն այդ դիրքում, այլև այլ տեղ, առավել ևս՝ վերջին տարիներին,չի ունեցել սննդի խնդիր։ Անգամ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը փաստեց այդ հանգամանքը, որ դիրքերում որևէ բանի կարիք ըստ էության չի եղել։ Անգամ այս իշխանության օրոք ստեղծված հանձնաժողովն այդ ամենը փաստեց»,- ընդգծեց նա։
Դավիթ Ջամալյանը նաև ասաց, որ նմանատիպ հայտարարությունները վիրավորական են բանակի անձնակազմի նկատմամբ, քանի որ այդ անձնակազմը չի փոխվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Նույն մարդիկ են, նրանց մեծամասնության մեջ մեծ վաստակ ունեցողներ են։
«Երբ նման բան են ասում, թե զինվորները սոված են եղել և այլն, դրանով վիրավորում են այս մարդկանց, որովհետև դրանով նրանց կենսագրության մի ստվար հատված սևացնում ու վարկաբեկում են։ Վարկաբեկում են այն նույն բանակը, որն այսօր հաղթանակ է կռել։ Մենք բոլորս պետք է հասունություն ունենանք և ընդունենք մի հանգամանք՝ նախորդ տարիներին էլ է եղել աշխատանքու ձեռքբերում, հիմա էլ բանակում աշխատանքներ են տարվում և քարը քարի վրա է դրվում։ Այս կոնցեպտով պետք է առաջ ընթանանք»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումանսիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով հարցին, թե բանակում սննդի մատակարարման հետ կապված խնդիրներ եղե՞լ են, քանի որ արդեն հայտարարել է, որ վառելիքի հետ կապված խնդիրներ չի եղել, ասել է. «Ձեր կարծիքով, ինչո՞ւ ես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրեցի հանձնաժողով, կանչեցի, որպեսզի ինքը հենց հանձնաժողովում կա՛մ ասի, կա՛մ հերքի իր ասածները։ Հիմա կարող եմ փակագծեր բացել՝ Կարեն Կարապետյանը չկարողացավ համոզիչ պատասխան տալ, թե ինչու էր այդ տեսակետը հնչեցնում՝ լինելով ՀՀ վարչապետ։ Դրանից հետո մենք ասացինք, որ վառելիքի խնդիր չի եղել։ Պարոն Կարապետյանի խղճի վրա ենք թողնում, որ նա մի օր վեր կենա ու ասի՝ կներեք, սխալվել եմ՝ անորակ վառելիքի հետ կապված խնդիրներ չի եղել՝ չկա նման բան»։
Հիշեցնենք, նաև, որ 2017 թվականին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերում անորակ վառելիք է եղել։