ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքը վկայում է նաև միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների մասին
Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը հրետակոծելու հետ կապված փաստահավաք աշխատանքների արդյունքները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է երկրի խորհրդարանի ղեկավարի ու նրա աշխատակազմի հետ ձևավորված արդյունավետ հարաբերությունները:
Պաշտպանն ԱԺ նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ իրավապաշտպան բնույթի փաստահավաք աշխատանքները վեր են հանել հավաստի տվյալներ այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի խաղաղ բնակավայրերը հրետանակոծել են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց առողջության համար ակնհայտ վտանգավոր եղանակով: Այդ մասին են վկայում բնակիչների տներին հասցված վնասները:
Փաստահավաք աշխատանքները վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների մասին. հրետանակոծությունն իրականացվել է «Տավուշ տեքստիլ» կազմակերպության ուղղությամբ աշխատանքային ժամին, որն իրականացնում է նոր կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված բժշկական դիմակների արտադրություն: Չինարիում հրետանակոծումներն իրականացվել են գյուղի դպրոցի ուղղությամբ, որի մասին վկայում են չպայթած արկերը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տվյալները և ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանակոծությունների առաջին իսկ օրից անմիջականորեն հետևում է իրադարձություններին: Ավելին, իր նախաձեռնությամբ Խորհրդարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ստացված տվյալների վերլուծություն, ապահովում է կապն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ԱԺ նախագահի կողմից նման հարցերում ցուցաբերվող իրավունքահեն մոտեցման, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների վերաբերյալ Խորհրդարանի ղեկավարի մոտեցումների կարևորությունը:
Կողմերն ընդգծել են, որ միմյանց միջև ձևավորված բարձր որակի կայուն համագործակցությունն արդյունավետ աշխատանքի երաշխիք է, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել նմանօրինակ քննարկումները: