ՄԹ ԱԳՆ-ն ընդգծել է ԼՂ հարցով բանկցությունների վերսկսման հրատապությունը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը (ԱԳՆ) կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել հրադադարի խախտումները և երկխոսության մեջ մտնել։

ՄԹ արտաքին գործերի նախարարության խոսնակը մասնավորապես ասել է․ «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ և ցավում է մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել զինադադարը և երկխոսության մեջ մտնել՝ իրավիճակի դեէսկալացիայի և հետագա կորուստներից խուսափելու նպատակով»:

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հորդորել է երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է է՛լ ավելի մեծացնել լարվածությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարեկեցությանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս