Ուկրաինան պետք է մնա չեզոք․ Գերագույն ռադայի պատգամավորը քննադատել է ԱԳՆ հայտարարությունը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը խստորեն քննադատել է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ։ Տելեգրամի էջում պատգամավորը իր հայտարարության մեջ ցավով նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվել է և առկա է առճակատման իրական վտանգ։

«Տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանի ուղղությամբ, ինչը կարող է բերել սարսափելի աղետի: Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կհետևի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում»,- ասել է պատգամավորը։

Անտոն Պոլյակովը կոչ է անում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության դիվանագետներին խոսել ռացիոնալ դիրքերից, կողմերից մեկի աջակցության համար անիմաստ հայտարարություններն արդեն հասցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի:

«Ոզում եմ հիշեցնել պարոն Կուլեբային (Ուկրաինայի ԱԳ նախարար-խմբ.), որ նրա գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, և ոչ թե հակառակը։ Սադրանքներ և սխալներ չպետք է լինեն: Ուկրաինան պետք է մնա չեզոք», – ասել է քաղաքական գործիչը:

Տեսանյութեր

Լրահոս