Պատժիչ գործողություններ պատգամավորների նկատմամբ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել ուշագրավ նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որոնց արդյունքում ԱԺ նախագահը մի շարք իրավունքներ կստանա։
Օրինակ, իրավունք կունենա էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ՝ հրապարակային նկատողություն, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ 7 օրով զրկում։
Առաջարկվում է նաեւ ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով․ «Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ, եւ գործում է մինչեւ նույն գումարման ԱԺ հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը»:
Հիշեցնենք․ մի քանի օր առաջ գրել էինք, որ իշխող խմբակցությունն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ պատժիչ գործողություններ է ծրագրում, այդ թվում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը։ Ի դեպ, համաձայն նախագծի, ցանկացած ոք կարող է հաղորդում ներկայացնել պատգամավորի դեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: