«Հակառակորդը պահպանում է մեծ ծավալի սադրանքներ իրականացնելու ներուժ. կլինի արժանի պատասխան». Արծրուն Հովհաննիսյան
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ և ծավալով ՀՀ զինված ուժերը տեսնում են: Իսկ թե պահպանո՞ւմ է հակառակորդն այնպիսի ներուժ, որ կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, ռազմական վերլուծաբանը ասաց՝ այո, պահպանում է:
«Մենք դա տեսնում ենք, և գործողությունները մեզ համար շատ պարզ են: Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի պատասխան»,- շեշտեց ՊՆ նախկին խոսնակը:
Իսկ մինչ այդ, Հովհաննիսյանը հայտնեց, որ սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից ո՛չ կանոնավոր, ո՛չ մեծ քանակի:
Ռազմագետն այս համատեքստում հորդորեց զերծ մնալ գնահատականներ տալուց վերջին օրերի մարտերին, դրա արդյունքներին:
«Հատկապես նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք շատ տալիս, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց: Հարգելիներս, դրա ժամանակը չի, վաղ է դրա մասին խոսելը, սպասենք պաշտոնական տեղեկությունների և չտանք այդպիսի ծավալուն մեկնաբանություններ»,-եզրափակեց Հովհաննիսյանը: