«ԱԹՍ-ի խոցումը ցուցիչ չի, որ մարտերը տեղափոխվել են Արցախ, բայց դա ընդհանրապես բացառել էլ չի կարելի». Արծրուն Հովհաննիսյան
Հուլիսի 18-ին, ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե սա չի կարող նշանակել, որ մարտերը տեղափոխվել են Արցախ, քանի որ առանց այս մարտերի էլ, պարբերաբար ԱԹՍ-եր խոցվում են:
«Բայց այնպես էլ չի, որ մարտերը չեն կարող տեղափոխվել Արցախի սահման: Ուզում եմ ասել, որ ԱԹՍ-ի խոցումը ցուցիչ չի, բայց դա բացառել էլ չի կարելի ընդհանրապես»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել նաև Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ, Հովհաննիսյանն ասաց, որ երեկ ևս այս ուղղությամբ կրակ է եղել, բայց՝ ոչ տեղի բնակավայրերի: