Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և կարող է բերել հումանիտար աղետի․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Մարդու իրավունքները սահմաններ չունեն

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և հրետանակոծություններից՝ առանց քաղաքական ազդեցությունների:

Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ).

Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը:

Մարդու իրավունքներն ունիվերսալ են. դրանք պետք է պաշտպանվեն ամբողջ աշխարհում՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում, Ամերիկա մայրցամաքում, թե աշխարհի որևէ այլ վայրում։

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը կշարունակի մանրամասն հետևել իրավիճակին՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։

Օմբուդսմանների միջնորդական առաքելությունն իրենց երկրների քաղաքական որոշումներ կայացնողների հետ այս դժվար իրավիճակում պետք է ունենա երկու երկրների քաղաքացիական բնակչություններին պաշտպանելու և մարդու իրավունքների իրացման տեսանկյունից գործելու շարունակական նպատակներ»։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կից գրել է․

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ երախտագիտություն եմ հայտնում պարոն Ժոզեֆ Սիգելեին մարդու իրավունքներին արժեքներին նվիրվածության և ցանկացած երկրի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ջանքերի համար՝ անկախ որևէ հանգամանքից»։

Տեսանյութեր

Լրահոս